Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոգեբուժարաններում հիվանդներին զսպում են ապօրինի միջոցներով, միատեսակ սնունդ են տալիս ու ում շորը պատահի՝ հագցնում

Մարտ 21,2018 14:52

Ռետինե լարաններ, սինթետիկ գործվածքից պատրաստված գոտիներ եւ զսպման մի շարք այլ միջոցներ են այսօր կիրառվում հոգեբուժարաններում, ինչը Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ օրենքի կոպիտ խախտում է: Պաշպանի գրասենյակի մասնագետները օրեր շարունակ մեր երկրի 10-12 հոգեբուժարաններում ուսումնասիրել են մարդու իրավունքների խնդիրները եւ տասնյակ խախտումներ հայտնաբերել: Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ իրենց մասնագետները հոգեբուժարաններում հայտնաբերել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ, որոնք կիրառողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ պարոն Թաթոյանի, Վարդենիսի, Գյումրու եւ այլ հոգեբուժական կենտրոններում չկան առանձին սենյակներ՝ ֆիզիկական զսպման համար եւ այդ գործողությունները կատարվում են ընդհանուր սենյակներում՝ մյուս հիվանդների աչքի առաջ: ՄԻՊ մասնագետները հոգեբուժարաններում հայտնաբերել են ժամկետանց դեղեր եւ բժշկական պարագաներ, դեղերի ոչ պատշաճ պահպանում:

Արման Թաթոյանն ասաց, որ իրենց աշխատակիցները հիվանդների մոտ գտել են նաեւ այնպիսի դեղեր, որոնցից տեղյակ չի եղել բուժհիմնարկի անձնակազմը, իսկ կողմնակի դեղերի ընդունումը, անգամ ցավազրկող, պաշտպանի խոսքով, հնարավոր է խնդիրներ առաջացնի հոգեմետ դեղորայք ընդունող հիվանդների մոտ:

Պաշտպանի գրասենյակի մասնագետները նաեւ նկատել են, որ մի շարք դեպքերում առկա է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ խտրական մոտեցում: Ըստ Արման Թաթոյանի, հագուստը չի առանձնացվում կոնկրետ հիվանդի համար, ինչը հոգեբուժարանների աշխատակիցները պարզաբանել են հիվանդների անտեղյակությամբ ու չհասկանալով:

Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ կանանց բաժանմունքներում հերթապահում են տղամարդ հսկիչ-սանիտարներ, ինչը պաշտպանի կարծիքով, անթույլատրելի է կանանց նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող հնարավոր վերաբերմունքի տեսանկյունից:

Սննդի հետ կապված նույնպես խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես այն եղել է միատեսակ: Մի շարք հոգեբուժարաններում էլ սենյակները գերբեռնված են:

Հարցին, թե հոգեբուժարաններում խնդիրների լուծումը հիմնականում կապված է ֆինանսակա՞ն միջոցների հետ, պարոն Թաթոյանը պատասխանեց, որ կան խնդիրներ, որոնք ֆինանսական միջոցներ չեն պահանջում:

Արման Թաթոյանն ասաց, որ մի շարք խնդիրների մասով իրենց ձեռքի տակ եղած փաստերը տրամադրել են Գլխավոր դատախազությանը: Խախտումներն արտացոլում են 2017 թվականի վիճակը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031