2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում այսօր հրապարակվում են գնդի գրավման օրերին խմբի անդամների՝ գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները: Դրանք փաստում են, որ Պավլիկ Մանուկյանի («Ապարանցի Պավլիկ») որդին՝ Արամ Մանուկյանը, գնդի գրավման առաջին օրերին զանգահարել է մի շարք անձանց, այդ թվում՝ Արցախյան պատերազմի մասնակիցների, ներկայացել որպես Պավլիկի որդի ու կոչ արել հանրությանը համախմբել ու փողոց դուրս բերել:
Որոշ անձանց (անունները՝ ստորեւ) Արամ Մանուկյանն ասել է.
Ոմն Արտակին,-«Հավաքվեք, հեղափոխությունը սկսված է, մենք հրեշտակների գունդն ենք գրավել»:
Հարութին,-«Սաղին հանեք, ձեր ու ժողովրդի օգնության կարիքն ունենք»:
Նիկոլին,-«Ժողովրդին մոբիլիզացնելու կարիք ունենք, ժողովրդին ոտի հանեք»:
Գեւորգին,-«Ժողովրդին հանեք փողոց, տականքներին դուրս պետք է հանել երկրից, Օսիպյանն էլ մեր ձեռքում է»:
Հայկոյին,-«Եղվարդին հանի ոտի»:
Ոմն Ջիվան էլ, լսելով Արամ Մանուկյանի տեղեկությունը, որ իրենք հեղափոխություն են սկսել, խորհուրդ է տվել հեռախոսով նման բաներ չասել, որպեսզի չգաղտնալսվի: «Ապեր, հեռախոսով մի ասա տենց բաներ»,-ասել է Ջիվանը: Արամն արձագանքել է. «Ի՜նչ հեռախոս, այ ախպեր, Օսիպյանը մեր ձեռն ա, արխային»:
Խոսակցություններից պարզ է, որ Արամ Մանուկյանի զրուցակիցները ժողովրդին ոտքի հանելու կոչին ի պատասխան հստակ չեն արձագանքել: Մեկն էլ ասել է. «Էս գիշերով ժողովուրդը քնած ա, ո՞նց հանեմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարում՝ ամբաստանյալ Արամ Մանուկյանը եւ նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը