Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունվել է բացառիկ հայտարարություն Արցախի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ». Մարգարիտ Եսայան

Մարտ 21,2018 12:43

«Ուզում եմ բոլորիդ զեկուցել, որ քիչ առաջ ավարտվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը եւ պատիվ ունեմ ասելու, որ նիստն ընդունեց բացառիկ հայտարարություն Արցախի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- քիչ առաջ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Նա ասաց, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ բացասական կարծիքներ են հնչել ե՛ւ քննարկման ընթացքում, ե՛ւ այդ մասին կա հայտարարության տեքստում: Մարգարիտ Եսայանի խոսքով՝ «Սա եւս մեկ քայլ է խորհրդարանական դիվանագիտության մեջ մեր պառլամենտի ունեցած հաջողությունների կողքին»:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի անդամներս, մարտի 20-ից 21-ը գտնվելով Երեւանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի կապակցությամբ,

գործելով Ֆրանկոֆոնիայի խարտիային եւ ՖՄԿ-ի խթանած արժեքներին համապատասխան,

հղում կատարելով Մոնտրոյի (2010), Կինշասայի (2012), Դաքարի (2014) եւ Անտանանարիվոյի (2016) գագաթաժողովների ժամանակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված Ճգնաժամային իրավիճակների կարգավորման, ճգնաժամային իրավիճակներից ելքի եւ ֆրանկոֆոն տարածությունում խաղաղության հաստատման վերաբերյալ որոշումներին,

վերահաստատելով մեր պատրաստակամությունը վճռականորեն գործելու ի նպաստ խաղաղության եւ կայունության հաստատման, իրավական պետության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության՝ ճգնաժամերը եւ կոնֆլիկտները կանխելու նպատակով,

մտահոգված լինելով ֆրանկոֆոն տարածության բազմաթիվ երկրներում տեղ գտած ճգնաժամային եւ կոնֆլիկտային իրավիճակներով,

քաջալերելով Ֆրանկոֆոնիային շարունակելու իր գործունեությունը վաղաժամ տագնապին համապատասխան արձագանքելու, ճգնաժամային եւ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման, անցումային շրջանում պետությունների աջակցման հարցում՝ հիմնվելով ՄԱԿ-ի խարտիայի, միջազգային իրավունքի, ազգերի ինքնորոշման եւ պետությունների տարածքային ամբողջականության իրավունքների վրա`

արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ կոչ ենք անում կողմերին ստեղծելու բարենպաստ պայմաններ՝ կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման համար,

ընդգծում ենք բանակցային գործընթացը դյուրացնելու նպատակով վստահության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը եւ լարվածության մակարդակի բարձրացմանը սպառնացող բոլոր տեսակի հայտարարություններից ու գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը,

հաստատում ենք մեր աջակցությունը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին,

կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից, որը կարող է վտանգել խաղաղ բանակցային գործընթացը եւ հրավիրում ենք կողմերին շարունակելու բանակցությունները՝ հիմք ընդունելով Մինսկի խմբի կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքները, այն է՝ ուժի կիրառմանը կամ կիրառման սպառնալիքին չդիմելը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ եւ կայուն կարգավորման անբաժանելի մաս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031