Դիանա Գրիգորյանի, նույն ինքը՝ Դինա Ակապովնայի դեմ ԱՄՆ մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ հենց Ամերիկայում հարուցված քրեական գործով նոր զարգացումներ են տեղի ունենում։ Բանն այն է, որ հայտնի հայ երգիչ- երգչուհիները, որոնք առնչություն են ունեցել հաղորդավարուհու կամ ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանի կողմից կազմակերպված համերգների հետ, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց երգչուհի Աիդա Սարգսյանի հետ, որը այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
– Տիկին Սարգսյան, Դուք ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված ի՞նչ խնդիր ունեք, տեղեկություններ կան, որ Ձեզ 99 տարով զրկել են, քանի որ Դուք առնչություն եք ունեցել ԱՄՆ-ում համերգային ծրագրի կազմակերպիչ Ստելլա Բոյաջյանի, հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի հետ, իսկ նրանք ԱՄՆ իրավապահների կողմից մեղադրվում են ԱՄՆ մուտքի վիզաների խարդախության մեջ։
– Բացարձակ նման խնդրի հետ չեմ առնչվել, ես չգիտեմ՝ ոնց են կապում, բոլոր երգիչ-երգչուհիներն էլ, եթե որեւէ մի բան է լինում, կապում են մի բանի հետ։
– Կոնկրետ վերոնշյալ անձինք են կազմակերպել, Դուք իրենց կազմակերպած միջոցառումներին մասնակցե՞լ եք։
– Այո՛, կազմակերպվել է, մասնակցել ենք, բայց նման պահով ես չեմ առնչվել ոչ մեկի հետ։
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ մինչ ԱՄՆ-ում քննություն է գնում, եւ դեռ ավելին՝ խնդրի մասին բավականին լուրջ հայտարարությամբ է հանդես գալիս Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, երգչուհի Դինա Ակոպովնան իր առօրյա գործունեությամբ է զբաղված։ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել հաղորդավարուհու հետ, սակայն հաղորդավարուհին ասաց. «Դուք ինձ անհանգստացնում եք, ես նկարահանման եմ»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում