Կարելի է Սահմանադրությունը խախտելով զորք մտցնել քաղաք, սպանելու հրամաններ տալ ու չդատվել։ Յուրայիններին կարելի է «պրիվետ Ռոբ» ասելու համար մարդուն զուգարանում ծեծելով սպանել ու նույնիսկ մեկ ժամով չազատազրկվել։ Յուրայիններին կարելի է ավտոմատից տան բակում մարդ գնդակահարել, ու դա կգնահատվի որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն՝ հետեւաբար ոչ մի պատիժ։ Յուրային քաղաքապետի անչափահաս որդին, չունենալով վարորդական իրավունք, կարող է վարել հոր ծառայողական մեքենան, մարդու վրաերթի ենթարկել սպանել եւ կրկին՝ ոչ մի պատիժ, նույնիսկ մեդալ՝ անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքից։ Յուրայինները կարող են գռփել պետական բյուջեն, այլ անձանց ունեզրկել, դիզել միլիարդների ունեցվածք ու ոչ միայն չդատվել, այլեւ շարունակել պաշտոններ զբաղեցնել ու, բնականաբար, շարունակել գռփել։
Այս ֆոնին տրամաբանության մեջ չի տեղավորվում անարդարության դեմ բողոքող, դատարանի բակում որպես բողոքի նշան օդամղիչ ատրճանակից օդ կրակած անձին 9 տարի ազատազրկելը։ Տոնածառով Ազատության հրապարակում վազող երիտասարդին 5 տարով ազատազրկելու վճիռները։ Մարտի 1-ին լրիվ պատահականորեն կենդանի մնացած հարյուրավոր անձանց դատելը….։ Սա նշանակում է, որ Հայաստանում գործում է այսպես կոչված հատվածական, ընտրովի «արդարադատություն», որը որեւէ աղերս չունի իրական արդարադատության հետ։ Դա ընդամենը այդ պահին գործող իշխանության ինքնապաշտպանությանը, ինքնավերարտադրմանը, իշխանության ամրապնդմանը ուղղված լուծում է։
Բոլոր նրանք, ովքեր համարձակություն ունեն ձեռնոց նետել «սրբության սրբոցին», «միակին», «անփոխարինելիին», նրանց համար օրենքը գործում է դաժանորեն՝ ողջ խստությամբ։ Դա ոչ թե արդարադատություն է, այլ պարզ, բնազդային մակարդակում գտնվող վրեժխնդրություն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում