Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում հավատացյալ չենք

Մարտ 21,2018 10:08

Հայաստանը կրկին դասվել է այն երկրների շարքին, որտեղ ահավոր շատ են հավատացյալները, նախկին խորհրդային տարածքում՝ ամենաշատը: Չգիտեմ` ինչպե՞ս են հաշվում հավատացյալների թիվը: Սոցիոլոգիական հարցում են անցկացնում, եւ մարդիկ հայտնում են իրենց՝ հավատացյալ լինելու մասի՞ն: Բա որ խաբե՞ն: Մի բան է, երբ մարդը պնդում է, որ ինքը հավատացյալ է, մեկ այլ բան, երբ նա իսկապես փորձում է հետեւել Աստծո պատվիրաններին: Կամ գուցե հաշվվում է եկեղեցիների «խտությունը» տվյալ երկրի տարածքում: Բայց այստեղ էլ չի կարելի վստահ լինել, որ դա հավատի դրսեւորում է: «Ռուսաստաններում» հարստացած մարդն իր հայրենի գյուղում մատուռ է կառուցում, նրա փառասիրական զգացմունքներն այդպիսով բավարարվում են, համագյուղացիներն ասում են՝ «վախ, դու մեր թագավորն ես»: Արդյո՞ք դրանից կարելի է եզրակացնել, որ այդ «բարերարը» եւ նրան գովերգողները հավատացյալ են:

Փոխարենը ես առաջարկում եմ մեկ այլ մտափորձ կատարել: Ենթադրենք, Հայաստանի դատարաններում ցուցմունք տալուց առաջ մարդկանց ստիպելու են երդվել Աստվածաշնչի վրա՝ ասել միայն ճշմարտությունը եւ ոչինչ, բացի ճշմարտությունից: Աստվածաշունչը կօգնի՞ մեր «աստվածավախ» ազգի ներկայացուցիչներին՝ չտալ սուտ վկայություն: Ոչ, հայաստանցիների մեծ մասը ստելու է այդ երդումը տալուց հետո՝ առանց կարմրելու եւ աչքը թարթելու (եւ, ի դեպ, ստելու համար բազմաթիվ արդարացումներ գտնելով): Իսկ եթե նույնը արվի, ասենք, Էստոնիայո՞ւմ, որտեղ, ըստ հարցումների, հավատացյալները զգալիորեն քիչ են: Վստահ եմ, որ ստախոսների տոկոսն այնտեղ ավելի քիչ է լինելու: Ինձ թվում է՝ սա հավատի ավելի լավ ցուցիչ է, քան քրիստոնյա ինքնահռչակվելը, երեխաներին կնքելը կամ եկեղեցի կառուցելը:

Այս 25 տարում Հայաստանում շատերը «բացահայտվեցին» իբրեւ քրիստոնյա՝ առանձնապես չգիտակցելով, թե ինչ է դա նշանակում: Այնինչ շուկայական հարաբերությունների անցնելն ուզես-չուզես նշանակում է, որ ավելի ուժեղ կամքով, ավելի նպատակասլաց, միջոցների մեջ հաճախ խտրականություն չդնող մարդիկ հարաբերական «հաջողության» հասնելու ավելի մեծ շանսեր ունեն: Այդ անցումը պետք է զուգակցվեր հոգեւոր «ամորտիզացիայով»: Բայց դա տեղի չունեցավ, եւ «հոգեւորը» հաճախ արտահայտվում է ցուցամոլության, երեսպաշտության մեջ: Հոգեւորականությունը, իսկ ավելի լայն իմաստով՝ մտավորականությունը, չդարձավ այն ուժը, որը կլուսավորեր մարդկանց, կբացատրեր, որ բացի այդ դաժան բարքերից ու «հաջողության» ձգտումներից, կա մի ուրիշ աշխարհ՝ ավելի կարեւոր արժեքներով: Իսկ բարձրաստիճան հոգեւորականներից ոմանք ապրում են այդ՝ ջունգլիների օրենքներով:
Արդյունքում մարդիկ իրենց զանգվածաբար ինքնահռչակում են որպես «քրիստոնյա»՝ իրականում մնալով խորապես անհավատ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. henri says:

    ՛՛ Հաւատացեալ ըլլալը ՛՛ այնպիսի յստակ պահանջներ ունի որ մոմեր վառելով և խունկ ծխելով
    չի վերջանար ՙԻսկ մենք կը նկատեմ որ աւելի արտաքին երեւոյթներու / արարողութիւններու /
    կապուած ենք քան Աւետարանական սկզբունքներու որ անհատը քրիստոնեայ կարենան կոչել;
    Չեմ կարծեր որ ոևիցէ մէկը խանդավառուի մեր բարձրագոյն խաւը Էջմիածին կամ Վեհափառի
    կողքին նկարուած տեսնելով ; / Արմէնչիկն ալ պահ մը գնաց ճակատ սահմանապահ հերոս տղոց
    հետ նկարուելու ,,,,?/ Սա է մեր իրական պատկերը ;

  2. Artur Lazarian says:

    Պիտի հակադրուեմ՝ «Իրականում հաւատացեալ ենք»: Այլ հարց է, որ քրիստոնեայ հաւատացեալ չենք (լաւ է, թէ վատ՝ դա ինձ չի հետաքրքրում):

    Իմ կարծիքով, հայերը ինչ-որ ներքին հաւատ ունեն առ երկնայինը, առ աստուած, առ գերբնականը եւ յաճախ (ու պատմականօրէն) այդ գերբնականը նրանք կապում են քրիստոնէութեան հետ՝ առանց խորանալու, թէ ինչ է քրիստոնէութիւնը: Հայերի գիտելիքները քրիստոնէութեան մասին աղօտ են. մի բան լսել են, բայց յստակ չգիտեն: Շատերը չեն կարող նկարագրել, թէ ում կամ ինչին են հաւատում: Շատերը պարզապէս չգիտեն (ու չեն էլ լսել), թէ ինչ է «Նիկիոյ հաւատոյ հանգանակը»: Շատերն, առհասարակ, Աստուածաշունչ չեն կարդացել (բա «առաջին ձեռ» չիմանա՞ս քո կրօնի սուրբ գիրքն ինչ է ասում). շատերը պատկերացում չունեն «արարչագործութիւն-Աբրահամ-մարգարէներ-մեսիա-Քրիստոս-յայտնութիւն» առանցքային շղթայի մասին:
    Աստուածաշնչեան գիտելիքներով չի փայլում նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Իմ տպաւորութեամբ, նա աւելի շատ շեշտը դնում է քրիստոնէութեան պատմական (աւանդոյթային, ծիսական), ազգային-մշակութային բաղադրիչի վրայ եւ նուազ կարեւորութիւն է տալիս Աստուածաշունչ ուսումնասիրելուն: Մեր հոգեւորականներից շատերը լաւ եկեղեցականներ են, բայց նրանք լաւ աստուածաբաններ (կամ այսպէս ասեմ՝ աստուածաշնչաբաններ) չեն:

    Յ.Գ. Անցեալ ամառ գնացել էի Գառնի, որն ինչպէս գիտէք հեթանոսական տաճար է: Մարդկանց (հիմնականում՝ կանանց) կէսից աւելին ներս էին մտնում ու խաչակնքում: Ապշելու աստիճան տպաւորիչ էր 🙂

  3. Ruben says:

    1. «Աստծո պատվիրաններ»-ի առաջինից չորրորդ եւ վեցերորդ կետերը համարում եմ հայկական աշխարհի հետ կապ չունեցող գաղափարախոսական տխմարություն:
    2. Կրոնը (աղանդը) մի շփոթեք հավատքի հետ, կռածո խաչը՝ հոգեւոր խորհրդի, մարդու սարքած մթոտ կառույցը (եկեղեցին) աստծո՝ սկիզբ ու վերջ չունեցող տիեզերական տան հետ: Ապրում եք հրեայով ու հրեայինով, կորցնելով (մոռանալով) ձեր էությունը: Այս առումով՝ 301-ի քրիստոնեական աղանդի արհավիրքը տեսած հայի վայը. «Վա՜յ մեզ, վա՜յ մեզ, վա՜յ մեզ, որովհետեւ ամբողջ երկրից մեզ փախստական արեց մարդու դուստր Մարիամի որդին՝ Հիսուսը: Այստեղից էլ բանտարկվածի ու մեռածի (Գրիգորիսի) ձեռքով մեզ վիճակվեց փախստական լինել…» (տես Ագաթանգեղոս): Տրդատի կամքին հակառակ, Գրիգորիսը Հայաստանում գտնվող ռուսական զինուժերի օգնությամբ երկրում պետական հեղաշրջում է կատարում եւ իր կամքն է թելադրում:
    3. «Նորին Սրբության» ծնրադիր աղոթքից` հայցելով Երկնավորից. «Եւ արդ` մեք ամենեքեան խոնարհեալ անկանիմք առաջի Քո եւ հայցեմք յամենառատ ողորմութենէդ Քումմէ, Տեր Աստուած մեր, զի պահեսցես եւ պահպանեսցես զՀանրապետութիւնք Հայաստան և Արցախ աշխարհաց ի խաղաղութեան, ի բարօրութեան եւ յանսասանութեան…»: Հարց. «Ինչու՞ է եկեղեցական ծառայողը առանձնացնում Հայաստանի Հանրապետությունը Արցախ (Սյունիք) աշխարհից»: Սա հակահայկական ու ապազգային գործունեություն է:
    4. Հետաքրքիր է, ազգությամբ հայ առաքյալ կա՞ (եղե՞լ է), թե՞ միայն հրեաներ են:

  4. Artur Lazarian says:

    Սիրելի Հայեր, իմ կարծիքով քրիստոնեությունը քանդեց հայի տունը և պետությունը, որը անում է մինչև օրս: Հայկը կամ իսկական հայը քրիստոնիա չի եղել ու միշտ պաշտել է իր ծննողներին ու նախնիներին, պատահական չէ , որ մինչև օրս , եթե մեկը երդվում է, երդվում է հոր, մոր կամ զավակի արևով : Հայ պետության և ազգի ապագան կախված կլինի , թե երբ խելքի կգան և քրիստոնեությունը որպես պետական կրոն արմատախիլ կանեն :

  5. henri says:

    Երբ ՛՛ հաւատացեալ՛՛ կ՛ըսենք բնականաբար նկատի ունինք Քրիստոնեայ հաւատքը մեր Ազգին ;
    յարգելի Lazzarini – Նիւթը Հայութեան հաւատքի մասին է որպէս քրիստոնեայ ոչ որպէս իսլամ կամ Պուտտայական կամ ուրիշ բան ;

  6. henri says:

    Արթուր Lazzarini-ի գրածը փուչիկի նման մի բան է օդին մէջ նետուած -Այսպէս կ՛ատայայտուին ներկայիս շատեր առանց յետադարձ ակնարկ մը տալու մեր 1700-ամեայ պատմութեան -կրկին Կայք էջ

    պիտի դիմեմ իմաստուն Հռոմայեցիներուն որ նման պարագաներուն կը սիրէին ըսել — “QUID QUID GRATIS ASSERTUR GRATIS NEGATUR “— / Իւրաքանչիւր ձրի խօսք , ձրիաբար կը մերժուի / ;
    Կ՛ուզեմ իմանալ նման հաստատութիւններ կատարողներէն թէ ինչ՞ տուած է մեզի հեթանոսութիւնը
    Արդեօք անկախութիւն ՞ /պարսիկներու լուծին տակ/ – այբ ու բեն ՞ – Արուեստ ՞ – Գրականութիւն ՞-
    Պատմագիրներ՞- Գիտնականներ՞ / Անանիա Շիրակացի ՞ -Հերացի ՞ թէ Դաւիթ Անյաղթ ,,,/ աստուաբաններ ՞ /Օձնեցի՞- Մանդակունի ՞-Շնորհալի ՞-Լամբրոնացի՞-/Աշխարհահռչակ միստիքներ՛
    /Նարեկացի ՞ թէ Անձեւացի՞/ – Մոմիկներ՞ թէ Տրդատ և Մանուէլ ճարտարապետներ ? Սարգիս Պիծակ -Թորոս Տարոնեցի թէ Թորոս Ռոսլին ? / Գրիգոր Տաթեւացի՞ թէ Մխիթար Սեբաստացի ?/ զորն ասեմ և զորը խոստովանիմ -յարգելի Արթուր Լածծարինի – Վճիր մը արձակելէ առաջ պէտք է համեմատութեան եզրերը չափել – կամ իր հոգիին ներսը պահել և ցած ձայնով խօսիլ որ շուրջինները չի լսեն – – –

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031