Օրեր առաջ՝ մարտի 12-ին, վարչական դատարանում էի: Պետք է լսվեր Աղետի գոտու հետ կապված մի քաղաքացու վարչական գործը:
Սակայն մինչ քաղաքացու գործը կլսվեր, փոքրիկ դիտարկում կատարեցի վարչական դատարանի այդ մի օրվա նիստերից:
Այդ օրը նշանակվել էր 124 քաղաքացիների գործերի քննություն՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության դեմ: Քաղաքացիները պահանջում են հիմնականում անվավեր ճանաչել վարչական ակտը կամ՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը: Հազվադեպ են ՏԻՄ մարմինների կայացրած որոշումները, քաղաքապետարանի դեմ վարչական վարույթները: Դատարանն ամեն օր աշխատում է հոսքագծի պես, որը միացված է ճանապարհային ոստիկանությանը: Դատական բարեփոխումներով զբաղվողները կարող են մեն մի օր գտնվել վարչական դատարանում, խոսուն վիճակագրությամբ պարզելու, թե որն է դատարանի ծանրաբեռնվածության իրական պատճառը, եւ ինչպես վարվել, որպեսզի իրենց գործերով «հերթը հասնի»:
Արուսյակ Ասատրյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների` բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի դեմ՝ նրա որոշումն անվավեր ճանաչելու եւ գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Գյումրեցի աղետյալը դատարանից խնդրել էր չվճարել պետական տուրքը, քանի որ հնարավորություն չունի վճարելու, չի աշխատում, «եղած գումարն էլ հազիվ է բավականացնում իր կենսապայմանների ապահովմանը եւ կոմունալ վճարումներ կատարելուն»։
Դատարանը ընդառաջ էր գնացել հերթական անապահովին, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի օրենքի 21-րդ հոդվածի սահմանել էր արտոնություն` պետական տուրքի ժամկետի հետաձգման համար։
Հայցվոր Արուսյակ Ասատրյանը խնդրել էր, որպեսզի պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովը վերացնի ութ տարի առաջ հոկտեմբերի 5-ին կայացրած թիվ 20 արձանագրության թիվ 1 հավելվածի 37-րդ կետը, պարտավորեցնեն պատասխանողին կազմել բարենպաստ վարչական ակտ՝ հրաման, նախագիծ եւ այն ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի հաստատմանը:
Այս դիմումի լսման ընթացքում երրորդ դատավորն է նշանակվել. Ալեքսանդրա Հարությունյանից հետո նշված գործը մակագրվել էր դատավոր Արման Թովմասյանին, ապա վերջինի՝ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվելու կապացությամբ նշված գործը անցյալ տարվա նոյեմբերի 3-ին մակագրվել է դատավոր Կարեն Զարիկյանին:
Տարին սկսվել է երեք նախնական դատական նիստերով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
20.03.2018