Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին ահազանգում են Գոգոլի փողոցի բնակիչները

Մարտ 21,2018 14:30

Տարիներ առաջ մեր մի հրապարակմամբ
անդրադարձել էինք Գոգոլի փողոցի 69-87 տների բնակիչների բողոքին

Նրանք բողոքում էին փողոցի փտած հեռագրասյուների վիճակից եւ ավելի փտած ու մաշված, աղեղնաձեւ կախված հաղորդալարերից: Վերջիններս պատուհաս էին փողոցի բնակիչների համար, ավելին՝ սարսափի մեջ էին պահում բոլորին: Անգամ թեթեւ քամիների ժամանակ ու անձրեւոտ եղանակներին, երբ լարերը բախվում էին միմյանց ու հրկիզվում էին (ժողովրդի լեզվով ասած՝ «դուգա է տալիս»), արդյունքում՝ կրակի լեզուների մեջ բռնկվում էր ոչ միայն շրջապատը, այլեւ բնակարաններում այդ պահին միացված սպառիչները: Բնակիչները հասցե առ հասցե հերթով թվարկում էին իրենց այրված ու փչացած էլեկտրատեխնիկական սարքերը՝ այդ թվում 2 սառնարան, 1 համակարգիչ, 1 լվացքի մեքենա, 3 հեռուստացույց, իսկ ամենասարսափելին Գոգոլի 69 տան բնակիչների՝ Օհանյանների վիճակն էր: 2013 թվականի ամռան ուժեղ քամոտ օրերից մի օր, հերթական «դուգայի» ժամանակ, Օհանյանների տան սառնարանի այրվելը ողջ տան բռնկման պատճառն էր: Բարեբախտաբար, զոհեր չկային: Ինչեւէ…
Մեր հրապարակումից հետո Երեւանի էլցանցը նոր՝ երկաթ-բետոնե հեռագրասյուներ տեղադրեց, նոր հաղորդալարեր անցկացրեց, սակայն, չգիտես ինչու, մոտ չեկավ 83-85 տների միջեւ գտնվող փայտե, հին, հիմքում փտած, կիսաթեք այս հեռագրասյանը, որը խոնարհաբար անցյալ դարի 60-ականներից ծառայում է շուրջ 25 տան բնակիչների՝ Գալեյաններին, Ափարյաններին, Մարտիրյաններին, Աբգարյաններին, Քիրիզյաններին, Մովսիսյաններին, Հանեյաններին, Աբասյաններին ու Փաշինյաններին:
«Այստեղ աշխատանքի ծավալը զգալի մեծ է, դրա համար էլ մոտ չեկան»,- նկատեց բնակիչներից մեկը:


Բնակիչների պնդմամբ՝ էլեկտրասյունը խիստ ծանրաբեռնված է տարբեր տարիքի հին ու նոր հոսանքալարերով, ինչն էլ քամու եւ անձրեւի ժամանակ իրար բախվելով բոցեր է տալիս, իսկ փողոցի բնակիչների տառապանքն արդեն փորձ ունի կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ աչքը տեսածից է վախենում: Այդուհանդերձ, Գոգոլի փողոցի այս հատվածի՝ 83-86 տների բնակիչները տարիներով սպասում են, որ Երեւանէլցանցից դեռ կվերադառնան ու կավարտեն իրենց կիսատ գործը…Հետաքրքիր է՝ ո՞ւմ կամ ինչի՞ է սպասում իր աշխատանքում այսքան թերացող պատասխանատու մարմինը, չէ՞ որ բնակիչները բարեխիղճ սպառողներ են: Եվ եթե սպառած էլեկտրաէներգիայի վճարման օրից մի օր անցնում է, եւ բնակիչը վճարած չի լինում՝ առանց երկմտելու էլցանցը հոսանքն անջատում է:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ»

20.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031