Լրահոս
Օրվա լրահոսը

30 000 քմ Հայաստան` Վենետիկում

Մարտ 21,2018 14:00

Կամ՝ ինչպես Նապոլեոն Բոնապարտը ակադեմիա հռչակեց Սուրբ Ղազարը

Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում գտնվում է Հայոց Սուրբ Ղազար կղզին: Այն պատկանում է Մխիթարյան միաբանությանը: Կղզում սկզբում բորոտներ են ապրել, սակայն 1717 թ. այն տրվել է հայ կաթոլիկ վարդապետներին, եւ Մխիթար Սեբաստացին իր 17 վարդապետներով կառուցել է վանքը, վերականգնել եկեղեցին, կղզին ընդլայնվել է մինչեւ 30 000 քմ:


Ժամանակին, երբ Նապոլեոն Բոնապարտը գրավել է Վենետիկը, նրա հրամանով փակվել են բոլոր վանքերը, սակայն Մխիթարյան հայրերն իրենց ազդեցության եւ հեղինակության շնորհիվ կարողացել են Նապոլեոն Բոնապարտից գործելու իրավունք ստանալ: Նրանք համոզել են Բոնապարտին, որ Սուրբ Ղազարը լոկ հոգեւոր կենտրոն չէ, այն գիտական, մշակութային հզոր հաստատություն է, ինչի շնորհիվ հատուկ հրամանագրով Սուրբ Ղազարին շնորհվել է ակադեմիայի կարգավիճակ:


Սուրբ Ղազար կարելի է մեկնել ջրային տրամվայով, որի մուտքին հայատառ կարդում ենք` «Բարի եկար, հայրենակից»: Այստեղ այցելուներին կղզու պատմությունը ներկայացվում է մի քանի լեզվով: Սուրբ Ղազարը հաճախ է հյուրընկալում գիտնականների, մշակույթի մարդկանց, ուսանողների եւ դպրոցականների աշխարհի շատ երկրներից: Սուրբ Ղազարում պահվում է 150000 անուն գիրք, ավելի քան 4000 ձեռագիր, եգիպտական, հնդկական, արաբական արվեստի նմուշներ, Կիլիկյան Հայաստանի առաջին արքա Լեւոն Ա Մեծագործի սուրը եւ այլն: Անգամ ուրարտական շրջանի նմուշներ են ցուցադրված, ինչպես նաեւ հնագույն եգիպտական մումիա, որը նվեր է բարերարի կողմից: Սուրբ Ղազարում է պահվում Կոմիտաս վարդապետի մահադիմակը: Երբ Կոմիտասը վախճանվել է Փարիզում, Մխիթարյան հայրերը ծածուկ, բժշկական խալաթներով մտել են այն սենյակը, որտեղ Կոմիտասի մարմինն էր ու ստացել նրա մահադիմակը:
1816-ին Սուրբ Ղազարում է եղել նաեւ լորդ Ջորջ Բայրոնը, որը հայոց լեզու է ուսումնասիրել եւ բառարան գրել, որն անավարտ է մնացել:


Սուրբ Ղազարում են գտնվում Հեսիոդոսի, Հովհան Ոսկեբերանի, Փիլոն Ալեքսանդրացու վաղ թարգմանությունները, որոնց բնօրինակներն այլեւս չկան, հայերեն ամենափոքր ձեռագիր ավետարանը, Հակոբ Մեղապարտի հրատարակած Ուրբաթագրքի օրինակը, 17-18 դարերի իտալական գեղանկարչության մեծագույն ներկայացուցիչներ Ալեսանդրո Լոնգիի, Լուչո Տոնյաչիի, Անտոնիո Էրմոլաո Պաոլետիի եւ այլոց գործերը: Ի դեպ, Մխիթարյանները հեղինակավոր թանգարանների խնդրանքով այդ կտավներից որոշները տրամադրում են այդ թանգարաններին ցուցադրության համար, պայմանով, որ դրա փոխարեն որեւէ հնագույն ձեռագիր վերականգնեն, որովհետեւ Սուրբ Ղազարում, եւ ընդհանրապես Վենետիկում, խոնավությունը արվեստի նմուշների մեծագույն թշնամին է:
Սուրբ Ղազարի թանգարանում պահվում են Այվազովսկու կտավները, մասնավորապես՝ ծովանկարչի «Քաոսը», որը վերջերս Վենետիկի Մխիթարյան միաբանությունից բերվեց Հայաստան եւ տեւական ժամանակ ցուցադրվեց Հայաստանի ազգային պատկերասրահում` Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Հովհաննես Այվազովսկու տասնյակ գործերը Մխիթարյան Միաբանությանն է նվիրել ծովանկարչի եղբայրը` Գաբրիել Այվազովսկին, որ հոգեւորական է եղել, լեզվաբան եւ մեծ մտածող, նա միաբանությունում է կրթություն ստացել:


Վենետիկում հայկական համայնք, որպես այդպիսին՝ չկա, ընդամենը մի քանի հայեր են ապրում, բայց հայկական հետքերը շատ են, այդ թվում` Վենետիկի սրտում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, Հայկական փողոցը` Galli dell Armeni-ին:


ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Վենետիկ-Երեւան
Լուսանկարները` հեղինակի:

«Առավոտ»

20.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031