Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Նազարյան. «Հրաչյա Ռոստոմյանը Հայաստանում ՖԻԲԱ-ի արտոնագիր ունեցող միակ մրցավարն է»

Մարտ 21,2018 12:30

Բասկետբոլի Հայաստանի «A» լիգայի կիսաեզրափակչի «Արթիկ»-ՖԻՄԱ եւ «Ուրարտու»-«Արցախ» առաջին հանդիպումների գլխավոր մրցավարը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն էր:

Ամեն օր չէ, որ Հրաչյա Ռոստոմյանը մրցավարի համազգեստ է հագնում եւ խաղադաշտում հայտնվում է որպես գլխավոր գործող անձ: Ինչո՞ւ այս անգամ նա այդպես որոշեց: «Առավոտը» զրուցել է ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ:

– Ինչ-որ լուրջ պատճառ կա՞ր, որ պարոն Ռոստոմյանը որոշեց այս փուլում անձամբ սպասարկել կիսաեզրափակիչ խաղերը:

– Հրաչյա Ռոստոմյանը ՖԻԲԱ-ի մրցավար է, միակն անկախացած Հայաստանում, որն այդ արտոնագիրն ունի: «A» լիգայի կիսաեզրափակիչները շատ պատասխանատու հանդիպումներ են, եւ պարոն Ռոստոմյանը որոշեց օգնել համեմատաբար անփորձ իր գործընկեր մրցավարներին: Ինչպես տեսաք, խաղերն անցան սահուն, առանց ցնցումների եւ մրցակիցները գոհ մնացին մրցավարության բարձր որակից:

– Իսկ առաջնության ընթացքում ցնցումներ եղե՞լ էին:

– Ոչ: Բայց քանի որ անդրանիկ կանոնավոր առաջնությունն է, բոլորի համար էլ, այդ թվում նաեւ մրցավարների, այս տեմպը, այս գրաֆիկը անսովոր է: Մինչեւ այս տարի հանդիպումներն անցկացվել են տարվա մեջ մի քանի փուլերով, հատվածաբար: Հիմա փաստորեն երկար մրցաշրջան է ու լարվածությունը հասել է գագաթնակետին: Ակումբները նախապատրաստական լուրջ աշխատանք են ծավալել, մեր պայմանների համար բավականին միջոցներ են ծախսել, ուժեղացրել են թիմերի կազմերը ու պայքարի լարվածությունը բավականին մեծացել է: Եվ այդ լարվածության վճռորոշ փուլում պարոն Ռոստոմյանը որոշեց օգնել մրցավարական կորպուսին, որի հիմնադիրներից մեկը նաեւ ինքն է: Լինելով ֆեդերացիայի նախագահը` պարոն Ռոստոմյանը ամբողջ ֆեդերացիայի հետ միասին շահագրգռված է, որպեսզի հաղթեն արժանավորները եւ կողմնակալություն չլինի: Ասեմ նաեւ, որ առաջնության ամբողջ ընթացքում էլ մրցավարական կողմնակալություն չի եղել եւ այս ընթացքում խնդիրներ չենք ունեցել: Սակայն մրցավարներ կան, որոնք լարվածությանը չեն դիմանում:

– Հնարավո՞ր է, որ կիսաեզրափակիչների պատասխան հանդիպումների ու եզրափակիչ խաղի գլխավոր մրցավարը նույնպես ֆեդերացիայի նախագահը լինի:

– Հիմա այդ հարցին պատասխանել չեմ կարող: Դուք գիտեք, որ Հրաչյա Ռոստոմյանը խիստ զբաղված անձնավորություն է: Նա նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն է, ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը եւ աշխատանքային գրաֆիկը հագեցած է: Բայց իմ համոզմամբ՝ շատ լավ կլիներ, որ նա կարողանար ժամանակ գտնել: Ամբողջ առաջնության ընթացքը լարված էր: Եթե մեկ տարի առաջ որեւէ մեկին ասեիր, որ Հայաստանում բասկետբոլի կանոնավոր առաջնություն է անցկացվելու, որի հանդիպումներն անցնելու են մարզական լարված պայքարում, որ այսքան հանդիսական է հավաքվելու, գուցե, քչերը հավատային: Հիմա դա իրականություն է: Լավ գործի սկիզբը դրված է եւ մեր նպատակը առաջնության որակը բոլոր առումներով պահպանելն ու զարգացնելն է:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

20.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031