Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ-ԱՄՆ. Կարեւոր այց, Ստեփանակերտի ուշագրավ ուղերձները Վաշինգտոնին

Մարտ 21,2018 12:00

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը՝
Արցախի արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություն

Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է, որը զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ, սակայն ԱՄՆ 8 նահանգներ՝ Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Լուիզիանան, Մեյնը, Կալիֆոռնիան, Ջորջիան, Հավային եւ Միչիգանը, ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ավելին՝ Միացյալ Նահանգներն աշխարհում միակ երկիրն է, որը պաշտոնապես տարեկան ավելի քան մեկ միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացնում Լեռնային Ղարաբաղին:

Անցյալ շաբաթ խիստ կարեւոր իրադարձություն էր. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելեց Միացյալ Նահանգներ: Միայն Ադրբեջանի բարձրացրած հիստերիան արդեն իսկ բավարար է այդ այցը կայացած համարելու համար: Սակայն նախ անդրադառնանք այն ուղերձներին, որոնք Արցախի նախագահը հղեց ԱՄՆ-ում:

Մարտի 13-ին Բակո Սահակյանը Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում էր, որտեղ հանդիպել էր աշխատակիցների հետ, քննարկել էր կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։ Արցախի նախագահը կարեւորել էր ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք, եւ կոնկրետ հանձնարարականներ էր տվել այդ ուղղությամբ։
Ապա Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կայացել էր ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ հանդիպում, որտեղ քննարկվել էին ԱՄՆ-ի եւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը կարեւորել էր Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկն է:

Այնուհետեւ Արցախի նախագահն ԱՄՆ Կոնգրեսում էր: Դա Բակո Սահակյանի առաջին այցն էր ԱՄՆ Կոնգրես, որտեղ նա հանդիպել էր արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին: Իր խոսքում Բակո Սահակյանը կարեւորել էր Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները՝ նշելով. «Դրանք նաեւ մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում»:

«Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետեւ մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ եւ անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն»,- ասել էր Արցախի նախագահը՝ կարեւորելով ամերիկյան բարձրագույն օրենսդիր մարմնում կազմակերպված հանդիպումները:- Դրանք նաեւ մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում»:

Ապա նա շեշտել է, որ Ղարաբաղում կարեւորում են ամերիկացիների սատարումը, եւ այստեղ իրենց ուրույն տեղն ունեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, բարեկամ կոնգրեսականներն ու սենատորները: Բակո Սահակյանն արժեւորել էր Վաշինգտոնի շոշափելի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման գործում. «Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա եւ կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը»,- շեշտել է Արցախի նախագահը:

Այց, որը նշանավոր դերակատարություն կունենա Արցախ-ԱՄՆ հարաբերությունների համար

Կոնգրեսում տեղի ունեցած Բակո Սահակյանի եւ կոնգրեսականների հանդիպման արդյունքներն ամփոփելիս ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը շեշտել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն նշանավոր դերակատարություն կունենա Արցախ-ԱՄՆ հարաբերությունների համար: Նա հավելել էր, որ Բակո Սահակյանի այցը Բաքվի՝ ԱՄՆ-ի խնդրանքին ուղղված ակնհայտ էր մերժում, քանի որ ադրբեջանական կողմը հորդորել էր ԱՄՆ վարչակազմին հրաժարվել Արցախի հետ երկխոսությունից: «Արցախի նախագահի այցը նաեւ փաստում է ԱՄՆ-ի ու Արցախի հավատարմությունը միակ կենսունակ խաղաղության ուղուն»,- ասել է Արամ Համբարյանը:

Իր հերթին, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն կարեւորել է երկխոսության նկատմամբ արհեստական խոչընդոտների վերացումը եւ ընդգծել Արցախ մեկնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ կոնգրեսական Փալոնեն կարեւորել է ԱՄՆ-ի կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակությունը եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն միտված Ռոյս-Էնգել զույգի առաջարկությունների իրականացումը: Մեկ այլ կոնգրեսական՝ Ջեքի Սփայերը, նշել է, որ այս տարի գլխավորելու է Կոնգրեսի պատվիրակությունը Հայաստան եւ Արցախ այցելելու համար, որպեսզի բոլորին օգնի հասկանալ եւ գնահատել, թե ինչ մեծ ու բարգավաճ երկիր է Արցախը, եւ որքան կարեւոր է ճանաչել նրան որպես Հայաստանի մաս: Կոնգրեսական Ադամ Շիֆը եւս կարեւորել է Ռոյս-Էնգել զույգի առաջարկությունների իրականացումը: «Դրանք, իհարկե, աջակցություն են ստանում Հայաստանի ու Արցախի կողմից, բայց Ադրբեջանը դրանք մերժում է, որը մշտապես եղել է ագրեսոր եւ պատերազմող:

Այս պարագայում Ադրբեջանը կարող է նոր պայթյուն առաջացնել տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է միլիոնավոր դոլարներ ծախսել սպառազինություն ձեռք բերելու համար: Սեփական երկրում չունենալով վստահություն՝ կա մեծ հավանականություն, որ նա կգնա այդ քայլին: Մենք պետք է պնդենք խաղաղությունը եւ զսպենք նրանց, ովքեր փորձում են խախտել այն»,- ասել է Շիֆը:

Բակո Սահակյանը մարտի 15-ին Վաշինգտոնում այցելել է Ազգային շահերի կենտրոն, հանդիպում ունեցել ամերիկացի մի խումբ գիտնականների ու փորձագետների հետ եւ հանդես եկել ելույթով: Նա անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին: «Ուզում եմ ընդգծել, որ մենք շահագրգռված ենք կայուն կապ հաստատելու առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, մշտապես խորացնելու եւ ընդլայնելու այն, ինչը դիտարկում ենք որպես միջազգային միտումներն ավելի լավ ըմբռնելու եւ հասկանալու, ինչպես նաեւ մեր երկրում գիտավերլուծական միտքը զարգացնելու կարեւոր ուղղություններից»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Մարտի 16-ին Արցախի նախագահը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունու գլխավորությամբ: Այս հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, մեր հանրապետությունում, ինչպես նաեւ ամերիկյան եւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերը Արցախին սատարելու եւ համազգային տարբեր խնդիրների լուծմանը մասնակցելու գործում՝ երախտագիտություն հայտնելով կառույցի ողջ անձնակազմին հայրենասեր եւ արհեստավարժ ծառայության համար:

Մարտի 17-ին Վաշինգտոնում Բակո Սահակյանը մասնակցել է համայնքային ընդունելությանը՝ ի պատիվ Արցախի Հանրապետության պատվիրակության, որի ընթացքում պետական բարձր պարգեւներ է հանձնել ԱՄՆ հայկական մի շարք կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչներին: Ողջույնի իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ ամերիկահայ համայնքը մեծ աշխատանք է կատարում՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Արցախի ու Հայաստանի կապերի զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանը, բարեկամության ամրապնդմանը: Նա հավելել է, որ ամերիկահայ համայնքի անմիջական մասնակցությամբ տարիներ շարունակ Արցախում կյանքի են կոչվել սոցիալ-տնտեսական, մարդասիրական բնույթի ռազմավարական բազմաթիվ ծրագրեր. «Ամերիկահայ համայնքը եւ ամերիկացի մեր բարեկամները ակտիվորեն ներգրավված են Արցախի միջազգային ճանաչման, մեր երկիրը ԱՄՆ-ում եւ արտաքին աշխարհում ներկայացնելու ու ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու գործում: Այդ ամենը արժանի է ամենաբարձր գնահատանքի»:

Ի դեպ, մի հատկանշական քայլ. օրերս հայտնի դարձավ, որ Բակո Սահակյանի ամերիկյան այցին զուգահեռ Գլենդելի քաղաքային խորհուրդն անցկացրել է քվեարկություն եւ որոշում է կայացրել քաղաքի փողոցներից մեկն Արցախի փողոց վերանվանել։ Որոշումն ընդունվել է միաձայն։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցի օրերին հայտնի է դարձավ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երեք տասնյակից ավելի անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին օգնության հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին եւ անդամ Նիտա Լոուեյին 2019թ. ֆինանսական տարում աջակցել Արցախին եւ Հայաստանին 70 մլն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին: «Մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղել կոնգրեսական Փալոնեին, հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր միացել են Արցախի եւ Հայաստանի համար «խաղաղության եւ բարգավաճման» փաթեթին աջակցելու գործին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքական առաջնահերթությունները համապատասխանում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից առաջարկված օգնության ծավալներին, որոնք փետրվարին ներկայացվել էին Սենատին: Այն ենթադրում է 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախին. 6 մլն ԱՄՆ դոլարը՝ ավարտին հասցնելու ականազերծման աշխատանքները, օգնություն ցուցաբերելու հաշմանդամներին, իսկ 4 մլն ԱՄՆ դոլարը՝ աջակցելու խաղաղության հաստատման Ռոյս-Էնգել առաջարկին: Հայաստանին առաջարկվում է տրամադրել 60 մլն ԱՄՆ դոլար. 30 մլն ԱՄՆ դոլարը՝ որպես տնտեսական աջակցություն, 10-ը՝ ռազմական օգնություն, եւ 20-ը՝ օգնելու Հայաստանին ծառայելու որպես մերձավորարեւելյան շրջանից եկող փախստականների համար ապահով վայր: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն առաջարկել է նաեւ կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը եւ ուժեղացնել 907-րդ բանաձեւը՝ «Ազատության աջակցության ակտ»-ը, որով սահմանափակվում է Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի դեռ այն չի դադարեցրել թշնամական գործողությունները Հայաստանի դեմ:

Ամփոփումը՝ տպագիր «Առավոտ»-ի մարտի 21-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 20.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031