Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի գործն ասելու եւ արանքից փախչելու գործ չի: Ծանր է լինելու». Վահե Գրիգորյան

Մարտ 20,2018 23:40

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր լսեցի Աժ-ում ԵԼՔ խմբակցության առաջարկած որոշման նախագծի քննարկումները, որտեղ հատկապես ուշագրավ ելույթներ ունեցավ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ պրն. Գ. Կոստանյանը:

Ես միշտ էլ բարձր կարծիքի եմ եղել նրա մասնագիտական ունակությունների մասին եւ իր այն պնդմանը, թե կառավարությունը երբեւէ չի հայտարարել, թե 9-ը զոհերի նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը եղել է բացարձակ անհրաժեշտ, ես ընդամենը իր խոսքին կհակադրեմ իր տրամաչափի մեկ այլ իրավաբանի՝ ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի ստորագրությունը, որը եւ պատահաբար հենց նույն անձն է:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կյանքից զրկելը եղել է բացարձակ անհրաժեշտ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, 21/03/2016թ.-ին Մարդու իրավունքների եւրոպական դատարանին կառավարության ներկայացուցիչ պրն. Գ. Կոստանյանի ստորագրությամբ ներկայացրած առարկությունների եզրափակիչ (ամփոփիչ) մաս, կետ (b)-ում տառացիորեն նշում է.

 

«b) The Police operation and the use of force in the instant case were proportionate and «absolutely necessary», all the Police operation activities were conducted in a proper manner and therefore no breach of either positive or negative obligation of the State, and, subsequently, no violation of substantive aspect of Article 2 should arise in this matter;»

Հայերեն՝

«b) Ոստիկանական օպերացիան եւ կիրառված/գործադրված (մահաբեր) ուժը սույն գործով եղել են համաչափ եւ «բացարձակապես անհրաժեշտ» (թե բնօրինակում, թե այստեղ նշվում է չակերտներում, որպես բառացի մեջբերում ՄԻԵԿ 2-րդ հոդվածի 2-րդ մասի պարբերությունից), ողջ ոստիկանական գործողությունները իրականացվել են պատշաճ կերպով եւ, հետեւաբար, պետության կողմից նեգատիվ կամ պոզիտիվ պարտականության որեւէ խախտում տեղի չի ունեցել, համապատասխանաբար նաեւ՝ բացառելով 2-րդ հոդվածի նյութական մասի խախտումն այս առնչությամբ»:

Եւ, նախականխելով այն պնդումները, թե սա էլ է ապատեղեկատվություն, այստեղ, իմ վստահորդներից ստացած լիազորությունների շրջանակում եւ հանրային կարծիքը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերը կանխելու նպատակով, ցանկացած ընթերցողի եւ լրատվամիջոցների համար կտեղադրեմ իմ վկայակոչած պաշտոնական փաստաթղթի առաջին եւ վերջին էջերի լուսապատճենները:

Մարտի 1-ի գործն ասելու եւ արանքից փախչելու գործ չի: Ծանր է լինելու: Նոր է սկսվում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031