Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամություն ունեցող անձինք Ազգային ժողովում՝ նույնն է, թե փղերը Սառուցյալ օվկիանոսում». Սիփան Ասատրյան

Մարտ 20,2018 21:55

«ԵՊՀ Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության ջանքերով մայր բուհում կազմակերպվեց քննարկում՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Քննարկման ընթացքում բարձրագույն կրթության ոլորտում և օրենքի նախագծում ներառականությունն ապահովելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի անդամ Սիփան Ասատրյանը ելույթ ունեցավ այն մասին, որ նախագծում գրեթե խոսք չկա հաշմանդամություն ունեցող անձանց մասին:

Պարոն Ասատրյանը նշում է, որ ի պատասխան իրենց կողմից ներկայացված մեկ տասնյակից ավելի առաջարկների՝ իրենց տեղեկացրել են, որ գոյություն ունի հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքի նախագիծ, որը կանդրադառնա այդ հարցերին. «Ինչո՞ւ ենք մենք ցանկանում, որ հենց «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում ընդգրկվեն մեր կողմից նշված կետերը, որովհետև բուհի ռեկտորը ծանոթանում է հենց կրթությանը վերաբերող օրենքին, նրան պետք չէ կարդալ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենքը, որպեսզի ծանոթանա՝ ինչ է անհրաժեշտ նրանց կրթությունը կազմակերպելու համար»:

Անդրադառնալով կրթության և գիտության փոխնախարարի հետ իրենց հանդիպմանը՝ պարոն Ասատրյանն ասաց. «Երկար զրույց ունեցանք փոխնախարարի հետ և նա, բնականաբար, մեզ հակադրվելու ոչ մի փաստարկ չգտավ: Վերջում մեզ հերոս անվանեց, սակայն մենք ասացինք, որ չենք ուզում հերոսներ լինել, պարզապես ուզում ենք ունենալ լիարժեք կրթություն ստանալու իրավունք: Ինչո՞ւ պետք է կախված լինենք դասախոսների բարի կամքից: Ես այս ութ-ինը տարիների ընթացքում, կոպիտ ասած, ընկած դասախոսների ետևից, խնդրել եմ քննություններս բանավոր վերցել: Ինչո՞ւ դա չլինի օրենքով կարգավորված: Եթե ընդունվել է չլսող անձ, եկե՜ք սուրդոթարգմանիչ տրամադրենք՝ դասերը թարգմանելու համար: Եթե ժամավճարով հրավիրում ենք դասախոսներ, ինչու՞ այդ նույն հաստիքով չենք հրավիրում սուրդոթարգմանիչների»:

Պայքարը, ինչպես նշում է պարոն Ասատրյանը, շարունակվեց Ազգային ժողովում. «Հաշմանդամություն ունեցող անձինք Ազգային ժողովում, նույնն է, թե փղերը Սառուցյալ օվկիանոսում. անմատչելի տարածք, աստիճաններ, որոնք կարողացանք հաղթահարել: Չէին էլ սպասում, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է այսքան հետևողական լինել: Լսումների ընթացքում փորձեցինք հասնել նրան, որ գոնե կարևոր կետերը ընդունվեն, սակայն պատճառաբանություններ եղան՝ ի դեմս ֆինանսական խնդիրների և երկրի տնտեսական վիճակի: Մենք էլ հարց բարձրացրինք՝ ի՞նչ անենք մենք, ի՞նչ անի այն չլսող կամ սայլակով տեղաշարժվող երիտասարդը, ով ցանկանում է սովորել, բայց չունի այդ հնարավորությունը, ինչքա՞ն սպասի՝ քառասուն տարի, հիսուն տարի, մինչև կլուծվի Ղարաբաղյան հակամարտությունը, շրջափակումից դուրս կգանք, տնտեսական վիճակը կբարելավվի»:

Պարոն Ասատրյանը վերջում շեշտեց, որ խնդիրը քաղաքական կամքի բացակայությունն է. «Եթե ցանկանում ենք կառուցել Հյուսիս-հարավ մայրուղին, բնականաբար գտնում ենք գումարներ և կառուցում ենք: Իսկ, եթե չենք ուզում այս ոլորտում փոփոխություններ իրականացնել, ուրեմն չենք ուզում և վերջ»:

Շուշաննա ԹԵՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031