Երեկ Երեւանի ավագանու նիստում ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ասել է՝ «Թամանյանի կառուցած ոչ մի շենք չի քանդվի Երեւանում»:
Ապա` նա անդրադառնալով Կոմիտասի թանգարանի նախկին շենքին ասել էր, որ դա հեղինակը ՀՀ մեծ ճարտարապետներից մեկը՝ Կորյուն Հակոբյանն էր. «Դա ավարտված, կերպար ունեցող շենք էր: Ինչ վերաբերում է Արթուր Մեսչյանի լուծմանը, ես շատ ցավում եմ, որ ինքը հաշվի չառավ, որ այդ մեծ հեղինակը նաեւ սրտացավ է եղել իր նկատմամբ, երբ ինքն աշխատանքի չէր կարող ընդունվել՝ էն թեթևսոլիկ անգլիական դեսպանատուն ընդունվելուց հետո: Երբ ցուցմունք կար նրան աշխատանքի չընդունել, ես էի պայքարում իր շահերի համար, եւ Կորյուն Հակոբյանը՝ որպես մեծ անուն ունեցող մարդ, մեր կողքին կանգնեց, որ Արթուր Մեսչյանին աշխատանք տան, իսկ ինքը ե՛ւ ճարտարապետական, ե՛ւ մարդկային էթիկան խախտեց եւ այդ շենքն այլանդակեց իր նորարարությամբ»:
Aravot.am-ը ճարտարապետ Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Իգիթյանի մեղադրանքները տեղի՞ն են, եւ արդյոք այդ շենքը Մեսչյանն այլանդակել եւ խախտել է ճարտարապետական էթիկան:
«Ճարտարապետական էթիկայի մասին խոսակցությունը շատ կարեւոր է, հատկապես մեր օրերում, երբ նման նուրբ խնդիրներին ոչ միայն ուշադրություն չի դարձվում, այլեւ սեւով սպիտակի վրա գրված նորմերը չեն պահպանվում եւ քանդվում ու ձեւախեղվում են պետության կողմից պահպանվող հուշարձան շենքեր։ Միեւնույն ժամանակ Արթուր Մեսչյանն երեւի թե վերջին ճարտարապետներից է, ում կարելի է մեղադրել մասնագիտական էթիկայի խախտման մեջ»,-ասաց պարոն Պետրոսյանը։
Ճարտարապետը Մեսչյանի աշխատանքներից օրինակներ բերեց. «Նրա ամենաճանաչելի 3 գործերում նա հարգանքով է մոտեցել իր նախորդների կատարած աշխատանքներին, մասնավորապես նկատի ունեմ Մատենադարանի նոր մասնաշենքն ու դրա հարեւանությամբ գտնվող կառավարական ընդունելությունների տունը։ Այս երկու դեպքում էլ նա փորձել է պահպանելով 20-րդ դարի կարեւոր ճարտարապետներ Մարկ Գրիգորյանի եւ Սամվել Սաֆարյանի նախագծած շենքերը, ընդարձակել այդ համալիրներն ու ինտեգրել դրանք։ Ավելին, Մատենդարանի նրա ընդարձակումը կարելի է համարել քաղաքաշինական ամենաէթիկական դրսեւորումներից մեկը վերջին տասնամյակներում, չնայած, շենքի վերաբերյալ կարող են լինել ինչ-ինչ վերապահումներ»։
Կոմիտասի թանգարանի եւ Մեսչյանի աշխատանքի վերաբերյալ էլ Սարհատ Պետրոսյանն ասաց. «Ինչ վերաբերում է թանգարանի ընդարձակմանը՝ այն ինչ որ տեղ զիջում է վերը նշված օրինակներին: Սակայն, միանշանակ կերպով հարգանքի արժանի է Կորյուն Հակոբյանի նախագծած ակումբի պահպանման ցանկությունը, որն ինչպես նշեցի, մեր օրերում յուրահատուկ դեպք է, երբ վայրագ կերպով Երեւանի կենտրոնում այլանդակվում է Զավեն Բախշինյանի ԵՊՀ-ի հանրակացարանի շենքը, Թամանյանի նախագծած նախկին արտակարգ իրավիճակների կոմիտեի շենքն ու հարյուրավոր այլ օրինակներ։ Իհարկե, սա չի նշանակում, որ ես նույն կերպ կնախագծեի Կորյուն Հակոբյանի շենքի հարեւանությամբ, սակայն իմ ավագ գործընկերոջ մոտեցումը անհատական ու մասնագիտական է, եւ այն կարող է ունենալ իր ուրույն պատճառները։ Սակայն նորից ուզում եմ նշել, որ ցավալիորեն միայն շենքի պահպանումը մեր օրերում հարգալից մոտեցում կարելի է համարել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ