«Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալը կանխորոշված էր արդեն նոր սահմանադրության ընդունմամբ»,- այսպիսի կարծիք է հայտնել լեզվաբան Նարինե Դիլբարյանը մարտի 20-ին «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
«Երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում դառնալ վարչապետ, դա կամ ուղղակի դիպված էր, կամ էլ նա այդ ասել է պահի ազդեցության տակ՝ զգայականորեն: Բայց բոլորս էլ գիտենք, որ քաղաքականության մեջ զգայականությունը տեղ չունի: Այս դարում իշխանության գինը չափազանց բարձր է, և քաղաքական գործիչները պատրաստ են սահմանադրություն փոխել, միայն թե չհանձնեն իշխանությունը: Այսքանից կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը չունի վստահելի անձ, ում կկարողանար հանձնել իշխանությունը», ասաց նա:
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը համաձայնեց Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու կանխորոշված լինելուն՝ ասելով.
«Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ: Այլ բան տեղի ունենալ չի կարող: Ուղղակի նա դրա մասին ավելի շուտ չի հայտարարել: Ես էլ լինեի իր փոխարեն՝ դա շուտ չէի հայտնի հասարակությանը: Հետո էլ՝ գուցե ասեր դրա, իսկ Կրեմլը վերջին պահին որոշեր ուրիշ բան: Մի խոսքով՝ ապրիլին այլ ելք չսպասեք»:
Անդրադառնալով Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքներին՝ Նարինե Դիլբարյանն ասաց, որ ի սկզբանե պարզ էր, որ Պուտինը ջախջախիչ քանակի ձայներ կհավաքի: Մտահոգիչ է միայն այն, որ Ռուսաստանի հզորության մասին խոսելիս՝ նա շեշտը դնում է ավելի շատ ռազմական կողմի վրա: Որքան էլ զարմանալի է՝ Ռուսաստանը վերջերս Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ դարձել է ավելի հանդուրժող: «Ստացվում է՝ մենք կանգնում ենք անորոշ ու վտանգներով լի մի դաշտում, ուր ոչինչ անել չենք կարող»,- իր խոսքն այսպես ավարտեց Նարինե Դիլբարյանը:
Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ