2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով այսօր հետազոտվեցին քրեական գործում առկա փաստաթղթերը:
Ըստ գործի նյութերի` Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկը), քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի (Զապ) միջոցով մեկ այլ քրեական հեղինակության` Բանգլադեշցի Վիրաբիկին` Վիրաբ Գասպարյանին, հեռացրել է դեպքի վայրից, որ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտանա: Ի դեպ, նախաքննության ընթացքում որպես վկա ներգրավված անձանց հարցաքննելու վերաբերյալ արձանագրությունների հետազոտումից պարզ դարձավ, որ նախաքննության ժամանակ հարցաքննվել է նաեւ Անդրանիկ Սողոյանը:
Նիստը նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանն էլ հայտնեց, որ գրություն է ուղարկել ՃՈ պետ Եգոր Կարապետյանին` գործով իրեղեն ապացույց հանդիսացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի տեղափոխումը ՃՈ հատուկ պահպանման վայրից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայր կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:
Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:
Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբր կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ