«Աբովյան քրեակատարողական հիմնարկում կոպիտ խախտվում է անչափահասների՝ կրթություն ստանալու իրավունքը»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը մտահոգություն հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց՝ շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող վեց-յոթ անչափահասներ զրկված են պետության կողմից ստանձնած կրթության իրավունքից, մինչդեռ գոյություն ունի Հանրակրթության մասին օրենք, որտեղ գրված է, որ ՀՀ-ում կրթությունը պարտադիր անվճար է:
Զառա Հովհաննիսյանը նշեց, թե վարչությունից իրենց պարզաբանել են, որ միջոցներ են ձեռնարկվում այդ խնդիրը լուծելու համար: Պարզաբանել են, թե այն կրթական կենտրոնի հետ, որն իրականացնում է այդ ծառայությունը, պայմանագիրը խզված է:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը նշեց՝ մոտ հարյուր գրություններ ենք ուղարկել խմբի կողմից, որից 27-ը վերաբերում էին բուժսպասարկմանը, դրանցից 13-ով ստացվել է դրական պատասխան. «Պահման պայմանների հետ կապված ուղարկվել են 23 դիմումներ: 2017-ին մի քանի օրենսդրական առաջարկություններով ենք հանդես եկել: Առաջինը վերաբերում է կալանավորների պահելու վայրին, ուղղիչ հիմնարկներին, ներքին կանոնակարգերին: Դա կարող է տեղիք տալ կամայականությունների: Անհարկի սահմանափակումներից խուսափելու համար քննիչը պետք է հիմնավորի ու պատճառաբանի իր այդ որոշումը: Առաջարկություն ունենք, որ չարամիտ խախտում հասկացությունը հստակեցվի»:
Իրենց փորձից պարոն Ռևազյանը մի դրվագ ներկայացրեց. «Շատ դեպքերում ՔԿՀ-ների աշխատողները մեզ հետ ավելի անկեղծ են լինում, քան դատապարտյալները: Տարիներ առաջ դեպք է եղել, երբ մենք մտել ենք մի հիմնարկ, խցում տեսել ենք մարմնական վնասվածքներով անձանց, բայց մեկն ասաց սայթաքել եմ, մյուս ասաց՝ ընկել եմ մահճակալից: Մինչդեռ ՔԿՀ-ի աշխատողներն ասում էին, թե հատուկ միջոցներ ենք ձեռնարկել»:
Արմավիր ՔԿՀ-ի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը տեղեկացրեց, որ տարիներ շարունակ համագործակցել են ԿԳՆ-ի հետ. «Բոլոր համապատասխան ծրագրերն իրականացվել են: Բարեբախտաբար, մեզ մոտ նկատվել է անչափահասների թվի կտրուկ նվազեցում. ունենք երեք անչափահաս: Այս պահին ունենք ութ անձ, որոնք բարձրագույն կրթությունը շարունակում են: Այսօր օրենսդրությունը դա թույլ է տալիս: Ունենք 103 ուսանող, որոնց պայմանական հիմունքներով կրթական տարբեր հաստատություններ մատուցում են այդ կրթական ծառայությունները»:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ, հոգեբան Անուշ Ջենտերեջյանը նշեց. «Այնպես չէ, թե դատապարտյալների զբաղվածության ապահովման համար որևէ բան չի արվում: Վիճակագրական տվյալներով՝ 2016-2017-ի կտրվածքով բավական աշխատանքներ են տարվել հենց Աբովյան քրեակատարողական հիմնարկի հետ կապված: Օրինակ՝ Աբովյան ՔԿՀ-ում արհեստագործական դասեր են տարվել, և տասը կին դատապարտյալներ վկայականներ են ստացել: Անցկացվել են նաև վարսահարդարման դասընթացներ»:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալ Սպարտակ Գևորգյանն այս առիթով ասաց. «Հարցն այն է, թե ինչ կրթություն ուներ անչափահասը մինչ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը: Մոդելն այնքան ճկուն պիտի լինի, այնքան պիտի ահնհատականացվեն մոդելները, որ բոլորին ապահովեն անհատական ուսուցում»:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արայիկ Զալյանը ներկայացրեց բժշկական սպասարկման հետ կապված խնդիրները. «Մահացության դեպքերը և բուժսպասարկումը փոխկապակցված են: 2017-ին արձանագրվել է 17 մահացության դեպք, որից երկուսը ինքնասպանության: 15 դեպքից ութը սիրտանոթային հիվանդությունների արդյունքում է, երկուսը՝ գլխուղեղի, արյան շրջանառության խախտման: Համեմատած 2016-ի հետ՝ 2017-ին մահվան դեպքերը նվազել են: Այս տարի հիվանդության՝ պատժի հետ անհամատեղության հիմքով պատժից ազատվել է վեց անձ, բայց 15 անձ տարբեր հիվանդություններով քրեակատարողական հիմնարկներում մահացել են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի