Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Բաթոյան. «Տարոն Մարգարյանը միջազգային ամենամեծ գրանտն է ստանում»

Մարտ 20,2018 19:26

Երեկ Երեւանի ավագանու նիստում հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության  անդամ եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Դիզըբիլիթի ինֆո» հ/կ-ի նախագահ Զարուհի Բաթոյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարց ուղղեց, ինչը վրդովեցրեց Մարգարյանին:

Բաթոյանը պարզապես ներկայացրեց  հ/կ-ի իրականացրած մոնիթորինգի արդյունքները, ըստ որոնց, Երեւանում վերջերս վերակառուցված 5 դպրոցներ չեն համապատասխանում չափանիշներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար անմատչելի են: «Կա մոնիթորինգի եւ վերահսկողության խնդիր, որովհետեւ հաճախ, եթե նախագծում չափանիշները համապատասխանում են, ապա ավարտական արդյունքն այլ է լինում: Ակնհայտ է, որ արդյունավետ չէ այն մեթոդը, որով քաղաքապետարանն աշխատում է: Արդյոք չե՞ք մտածում  մոնիթորինգի կամ վերահսկողության մեխանիզմները բարելավելու կամ որեւէ նոր բան ստեղծելու մասին:  Այս իրավիճակը չի՞ մտահոգում ձեզ, քանի որ թե՛ համայնքի,  թե՛ պետական բյուջեի գումարներն են ներդրվում, նաեւ մասնավոր ներդրողների գումարներով վերակառուցված դպրոցները վերջում նորից անմատչելի են մնում»,-քաղաքապետին այս հարցն ուղղեց Բաթոյանը:

Ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց. «Ես այնքան էլ համաձայն չեմ ձեզ հետ: Դուք անընդհատ փորձում եք փնովել մեր վերջին տարիներին արած աշխատանքը, եւ փորձում եք ցույց տալ, որ դուք ավելի շատ մտահոգ եք, քան թե մենք: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանք է այդ ուղղությամբ կատարվել Երեւան քաղաքում: Եվ այն դպրոցները, մանկապարտեզները, շենքերը , որոնք դեռ խորհրդային տարիներին են կառուցված եղել, բնականաբար, հարմարեցված չեն եղել: Իսկ ո՞վ է վերանորգել այդ դպրոցները: Ինձ թվում է` առաջին հերթին այդ հարցն այդ վերանորոգողներին պետք է տաք: Վերջին շրջանում մենք կապիտալ մեկ դպրոց ենք վերանորոգել, սրանից բացի այլ դպրոց չենք վերանորոգել, եւ կապիտալ վերանորոգման մեջ ներդրված չի եղել նախագծային փոփոխություններ իրականացնել: Եղածն ուղղակի վերանորոգման աշխատանքներ են: Իրականում, մենք ուզում ենք, ձգտում ենք այս խնդիրը լուծել, բայց դրա համար անհրաժեշտ է ժամանակ, մոտեցումներ: Անհրաժեշտ է որ  հ/կ-ները, որոնք մեզ կաջակցեն, իրենց խորհուրդները տան, ոչ թե մեր արածը փնովեն: Փնովելու համար էլ փորձեն որոշակի դրամաշնորհներ ստանան այլ խողովակներից: Հերիք է արդեն նման մոտեցումներով էդ աշխատանքները կազմակերպվեն : Ուզում եք օգնել, եկեք մեր կողքը կանգնեք միասին էդ գործն անենք:  Եթե դուք ուզում եք մեր գործը սեւացնել, չարաչար սխալվում եք: Էդ սեւացնելու համար էլ ձեր կազմակերպությունը որոշակի վճարումները ստանում է: Այդ վճարներն ուղղեք քաղաքն ուղղելուն»:

Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի Բաթոյանն իր հասցեին հնչած մեղադրանքներին ի պատասխան ասաց՝ «Քաղաքապետարանն ավելի մեծ ֆինանսներ ունի, քան մեր կազմակերպությունը, որը հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություն է եւ որեւէ այլ շահ չի հետապնդում, քան այդ անձանց համար հավասար հնարավորություն ստեղծելը»:

Բաթոյանի խոսքերով` Մարգարյանի պատասխանը ոչ միայն կոռեկտ չէ, այլ  նաեւ վայել չէ որպես համայնքի ղեկավարի,  տալ մի մարդու եւ կազմակերպությանը, որն օգնում է իրեն լուծել այդ խնդիրները. «Այն, որ քաղաքապետն ասում է՝ դուք մեզ քննադատում եք, սեւացնում եք մեր աշխատանքը, որպեսզի դրանով գումար ստանաք միջազգային կազմակերպություններից, ինքը կրկնում է «Փյունիկ» կամզակերպության  ղեկավարի խոսքերը, որը մեր հասցեին էր ասել: Նա սովոր է մշտապես շնորհակալություն ասել քաղաքապետարանին ցանկացած փոքր աշխատանքի համար, ինչը  քաղաքապետի պարտականությունն է: Տարոն Մարգարյանը սովոր է, որ իրեն անընդհատ ասեն շնորհակալություն, շնորհակալություն»:

Բաթոյանը վստահեցնում է՝ իր քննադատությունները հիմնավորված են, իսկ եթե քաղաքապետը  կասկածում է, շատ հեշտ կարող է ստուգել, ասենք՝ այցելել նշված դպրոցներ:

Ինչ վերաբերում է քաղաքապետի՝ Բաթոյանին ուղղված այն արտահայտությանը թե՝«փորձում եք ցույց տալ, որ դուք ավելի շատ մտահոգ եք, քան մենք», Բաթոյանը մեզ հետ զրույցում ծիծաղելի համարեց. «Այդ վրդովմունքն ամենածիծաղելին է,  որովհետեւ ես ավելի շատ եմ սրտացավ եւ մտահոգված,  քան քաղաքապետը կամ քաղաքապետարանում աշխատող այլ անձինք, որովհետեւ ես խնդիրը կրող մարդն եմ: Իր պատասխանները հիմնավորում չունեն»:

«Դրամաշնորհ եք ստանում, որ սեւացնեք մեր գործը»` Տարոն Մարգարյանի այս մեղադրանքին ի պատասխան էլ Բաթոյանն ասաց. «Մեր հ/կ-ն, անկախ որեւէ ֆինանսավորումից, մշտապես մատչելիության խնդիրներն է բարձրացնում: Մեր համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանը միջազգային ամենամեծ գրանտն է ստանում, նաեւ հանրային խոշոր գումարներ  է ստանում: Մեր՝ հարկատուներիս  գրպանից է բյուջեն գոյանում, եւ այդ գումարներով  իրականացված բարեփոխումները ներառական չեն, խտրական են եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու շահերը չեն պաշտպանում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031