Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին կրթության ոլորտի փորձագետներ, ուսանողներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և Ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ:
«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը ողջունեց մասնակիցներին և ընդգծեց ուսանողության շրջանում կազմակերպվող քննարկումները, քանի որ հենց ուսանողներն են կրթության ոլորտի իրական պատվիրատուները:
«Օրենքի նախագիծը համալսարանում առաջին անգամ չէ, որ ներկայացվել է, սակայն փաստացի նախագծի վերաբերյալ ուսանողության կողմից դիրքորոշում չի ներկայացվել: Ուստի այսօրվա քննարկման նպատակն է առանձնացնել այն հիմնական դրույթները, որոնք խնդրահարույց են, և առաջարկությունների փաթեթի տեսքով ներկայացնել պատկան մարմիններին»,- ասաց Դ. Պետրոսյանը:
Քննարկման առանցքում ոչ միայն օրենքի նախագիծն էր, այլև միայն վերջերս կատարված լրացումներն ու փոփոխությունները:
Օրինագծի ընդհանուր դրույթները նախ ներկայացրեց կրթության ոլորտի փորձագետ Արևիկ Անափիոսյանը՝ անդրադառնալով կոնկրետ խնդիրներին՝ բուհերի քաղաքականացվածություն, ակադեմիական ազատություն, ուսանողների ներգրավվածություն և այլն, ինչպես նաև դրանցից բխող հարցերին:
«Նոր օրենքը կրթության ոլորտի խնդիրները չի լուծի, սակայն այն պետք է այնպիսի իրավական դաշտ ստեղծի, որտեղ նոր գործիքների ու լծակների միջոցով առկա խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն: Այնուամենայնիվ, օրենքի նախագծում փոփոխություններ եղան, որոնք իրականում ոչ մի խնդիր չեն լուծում»,- ասաց փորձագետը՝ օրինակ բերելով այն, որ ՀՀ արդարադատության նախարարի առաջարկով բուհի կառավարման խորհրդի կազմը պետք է հաստատվի վարչապետի կողմից:
Ա. Անափիոսյանը բավական հանգամանալից խոսեց նաև կառավարության կողմից ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու մասին՝ մատնանշելով, որ Մայր բուհի կառավարման խորհրդում պաշտոնյայի առկայությունը թույլատրող որոշումը քաղաքական ենթատեքստ ունի:
Օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը, ով զուգահեռներ անցկացրեց օրինագծի և կրթության ոլորտի իրական վիճակի միջև:
«Օրենքը պետք է բարեփոխի ոլորտը, այլ ոչ թե արդեն առկա թերություններին ու բացթողումներին իրավական հիմք տա: Դա նշանակում է հետընթաց կամ պրոգրեսիվ գործընթացների կասեցնում: Պետական մարմինները փորձում են համապատասխանեցնել օրենքի լճացած վիճակին, ինչն անթույլատրելի է»,- նշեց քաղաքագետը և ուսանողներին հորդորեց ակտիվ լինել և պահանջատիրական իրավունքով մոտենալ օրինագծում առկա կարգավորումներին:
Բանախոսը կարևորեց նաև բուհերի ներսում ուսանողների ինքնակազմակերպման արդյունքում անցկացվող քննարկումները, որոնք շարունակական բնույթ պետք է կրեն:
«Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սիփան Ասատրյանը, ով մանկուց կույր է և օրինագծի քննարկման շրջանակում ներկայացնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները, անդրադարձավ կրթության նոր օրենքի նախագծում առկա այն դրույթներին, որոնք խոչընդոտում են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց բարձրագույն կրթություն ստանալու իրավունքները:
Քննարկմանը մասնակցում էին նաև ԵՊՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները՝ ի դեմս կառույցի նախագահ Դավիթ Ափոյանի:
ՈՒԽ իրավական հանձնաժողովի անդամ, Իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Տաթևիկ Սողոյանն անդրադարձավ այն առաջարկություններին, որոնք ՈՒԽ-ի կողմից ներկայացվել են կառավարությանը:
«Ուսանողների մտահոգությունները հասկանալի են, սակայն իրավաբանության տեսանկյունից անճշտություններ կային ներկայացված ձևակերպումների մեջ: Մասնավորապես, պետք է նշեմ, որ կրթության բոլոր ճյուղերը, որոնք որոշակի առանձնահատկություններ ունեն, չեն կարող կարգավորվել մեկ համընդհանուր օրենքով, դրանք ենթաօրենսդրական հատուկ կարգավորումներ են պահանջում»,- նշեց ուսանողուհին:
ՈՒԽ առաջարկությունների փաթեթում ընդգրկված դիտողություններն ու նկատառումները միանշանակ չընդունվեցին նախաձեռնության անդամների ու քննարկման մասնակիցների կողմից, ուստի բուռն քննարկում ծավալվեց:
Արդյունքում ՈՒԽ-ականներն օրինագծի հետ կապված դիտողություններն ու առաջարկությունները փոխանցեցին հանդիպման կազմակերպիչներին:
Ուսանողական նախաձեռնության կազմակերպիչները մտադիր են քննարկումները շարունակել:
Երևանի պետական համալսարան