Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ծնունդը նշեցին նույն օրը ծնված ու իր անունը կրող եղբորորդուն կնքելով (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 20,2018 18:30

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է, նա կդառնար 27 տարեկան: Հարազատները նրա ծննդյան օրը նշեցին տանը, այնուհետ «Մուշ» թաղամասում գտնվող նրա հուշաքարին հարգանքի տուրք մատուցելով, գերեզմանոց այցելելով ու նրա անունը կրող եղբորորդուն՝ մեկ տարեկան Հրաչ Գալստյանին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում մկրտելով: Հետաքրքիրն այն է, որ հերոսի եղբորորդին ծնվել է հենց նույն օրը՝ մարտի 20-ին:

Հրաչ Գալստյանի նահատակվելուց հետո նրանց ընտանիքում 3 երեխաներ են լույս աշխարհ եկել, հերոսի մահից մեկ ամիս անց ծնվեց նրա դուստրը, որին, ի պատիվ Հրաչ Գալստյանի մոր, անվանեցին Անահիտ: Այնուհետ ծնվեցին քրոջ և եղբոր որդիները: Հերոսի մայրը՝ տիկին Անահիտն ասում է, որ Սուրբ Նշան եկեղեցում իր դստեր հարսանիքն է եղել, որդուն այստեղից են հուղարկավորել: Հիմա էլ փոքրիկ Հրաչիկին են կնքում:

«Հարսս հղի էր, երբ Հրաչս քրոջը երազ է եկել՝ ասելով, թե 9 ամիս հետո ես կգամ ու այսպես ծնվեց մյուս տղայիս որդին, որի անունը Հրաչ դրեցինք: Իհարկե, ես չգիտեմ արդյո՞ք իր հոգին Հրաչոյի մեջ է, թե՞ իր դստեր՝ Անահիտի մեջ է: Ես Հրաչիս ավելի շատ գտնում եմ Անահիտի մեջ, նա շատ նման է հորը թե տեսքով, թե շարժուձևով: Գուցե փոքրիկ Հրաչոն մեծանա, մի քիչ նմանվի հորեղբորը… Չգիտեմ, թե՞ Անահիտս Հրաչիս աղջիկն է, տղայիս կարոտը իրենից եմ առնում: Ես չորս տղա թոռ ունեմ, բայց ավելի շատ կարոտս Անահիտից եմ առնում»,-ասում է տիկին Անահիտը:

Մայրը հիշում է, որ որդու ծննդյան օրը նա միշտ դրսում է եղել: «10 տարի դրսում է եղել, 4 տարի ինստիտուտում, 5 տարի՝ դիրքերում: Արդեն 2 տարի է՝ մենք տանը նշում ենք իր ծնունդը, բայց առանց իրեն: Դիրքերում էլ միշտ նշել ենք ծնունդը, նույնիսկ տորթ ենք ուղարկել դիրքեր: 2016 թվականին հարսս՝ Անուշը, եկավ, իր հետ տորթ ուղարկեցինք դիրքեր: Էնքան շատ եմ կարոտում Հրաչին, զարմանում եմ, որ իր մահից հետո ես այդքան ուժ ունեմ ապրելու: Երազում եմ, որ գոնե մի անգամ երազիս գա, փաթաթվեմ, կարոտս առնեմ: Ես իրեն երեք անգամ եմ տեսել, 3 անգամն էլ ասում է՝ մամ, պատերազմ է, իմացե՞լ ես ինչ է եղել, գերի եմ ընկել: Երազ գալիս է քրոջը, հարսիս, հարսիս երազ էր եկել, երբ աղջիկս հղի էր ու ասել էր՝ տղա կծնվի, անունը Նարեկ կդնեք: Հենց այդպես էլ արեցինք: Անտանելի է առանց Հրաչի ապրելը, Հրաչը իրենով կյանք էր, որ ներս չր մտնում, կյանքս լուսավորվում էր»,-ասում է հերոսի մայրը:

Հերոսի եղբայրը՝ Աղասին, որը նույնպես զինվորական է, երազում է, որ իր որդին՝ փոքրիկ Հրաչ Գալստյանը հորեղբորը նմանվի: «Ես գիտեի, որ նա ծնվելու է հենց եղբորս ծննդյան օրը: Երազում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, երեխաներն էլ անփորձանք մեծանան, հետո իրենք կորոշեն իրենց ապագան՝ ինչ ուզեն, թող այն էլ դառնան»:

Հիշեցնենք, որ Հրաչ Գալստյանը նահատակվել էր ապրիլի 3-ին Թալիշի պաշտպանության ժամանակ։ Ինչպես Aravot.am-ին պատմել էր հայրը, ապրիլի 3-ին անընդհատ խոսել է որդու հետ, որը հանգստացրել է, թե ամեն ինչ լավ է:

«Երեկոյան մինչեւ 20.30 զանգում, ինձ տեղյակ էր պահում, որ ամեն ինչ լավ է, հետո ասաց՝ պապ ջան, ես անհասանելի տեղ եմ գնում, հենց հարմար եղավ, կզանգեմ ձեզ, տեղյակ կպահեմ: Ու դա եղավ վերջին զանգը, էլ խաբար չառանք: Ամսի 4-ին, լույս առավոտ 6-ն էր, ելա, զանգ տվեցի աներոջը, անհասանելի էր, զոքանչն էլ էր անհասանելի, դու մի ասա բոլոր տեղեկացված են, գիտեն, որ որդիս չկա, բոլորն անջատել էին հեռախոսները, որ մեզ չհաղորդեին էդ դաժան լուրը…Չորս օր երեխես մնաց չոլերը, չորս օրից հետո հազիվ բերեցին: Հրաչը առաջ է գնացել, երեք հոգու դիրքավորել, հետ է եկել, որ ինքը դիրքավորվի, բլինդաժի մոտ իրեն խփել են», -պատմում էր հայրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031