ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Հարությունյանը ԱՄՀ գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և սնանկության ոլորտի բարեփոխումներին:
Մասնավորապես, հյուրերի խնդրանքով Դավիթ Հարությունյանը նախանշել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության թիրախային ոլորտները և ընդգծել, որ նոր ռազմավարությունը 2015-2018 թվականի փաստաթղթի էվոլյուցիոն շարունակությունն է լինելու: Այդ համատեքստում նախարարը կարևորել է օրենսդրական մակարդակում իրականացված աշխատանքները՝ դրանցից առանձնացնելով ապօրինի հարստացման քրեականացումը, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակումը, հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնումը, ազդարարների ինստիտուտի ներդրումն ու Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը և վերջինիս նոր գործիքակազմով օժտելը:
Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն