Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը խոսեց դպրոցներում բացվող ինժեներական լաբորատորիաների մասին: Այդ լաբորատորիաների թիվը մեծացել է, 220 նման լաբորատորիա է բացվել, բայց կառավարությունը լաբորատորիաների ուսուցիչների աշխատավարձը, դասվարի աշխատավարձը՝ 66 հազար դրամ, չի տալիս: Գորգիսյանն ասաց, որ երբ ինքը դիմել է կառավարությանը, ասել են, որ ինչ-որ տեղից գումար կգտնեն եւ կվճարեն:
Միջամտել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրան էլ կառավարությունից պատասխանել են, որ փորձեք դոնորներ ներգրավել, գումար չկա:
Գորգիսյանը դժգոհեց՝ մենք պետություն ունե՞նք, հարկ ինչի՞ համար ենք վճարում, մնում է դրա համար էլ ֆեյսբուքում փող հավաքեն. «Բանակին ինչ-որ բան է պետք՝ դրամահավաք են անում, անվադողեր են տանում, տուֆ են տանում, ո՞ւր է պետությունը, հայեր, մենք ունե՞նք ոլորտային պատասխանատուներ, ովքեր մշակում են քաղաքականություն: Ինչի՞ ենք մենք կառավարությանը աշխատավարձ տալիս: Այս ոլորտը չափազանց կարեւոր է»: Նա կոչ արեց կառավարությանը սթափվել եւ իրենց տված խոստումը կատարել, ամեն ինչ չթողնել մասնավորի վրա:
Ուշագրավ է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կիսեց «Ելքի» մտահոգությունը: Նա ասաց, որ ինքն էլ է խոսել Կարեն Վարդանյանի հետ. «Ես էլ եմ հորդորում կառավարությանը, մեր ֆինանսների նախարարին միջոցներ գտնել, որովհետեւ նախնական պայմանավորվածությունն այնպես է եղել, որ դոնորների միջոցով կամ մեկ այլ ծրագրային ֆինանսավորման միջոցով հնարավոր կլինի այդ աշխատանքի խնդիրները լուծել: Մենք էլ ենք մտահոգված այդ հարցով: Այսօր ես նիստից հետո կփորձեմ ֆինանսների նախարարից ճշտեմ՝ ո՞րն է պատճառը, որ նախնական պայմանավորվածությունը չեն կատարել, կամ ի՞նչ պետք է անել, որ մարդիկ իրենց աշխատավարձը ստանան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ