«ԵԼՔ» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց: Սարգսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը դժգոհեց, որ դատաքննությունը առաջ չի գնում պաշտպանական կողմի միջնորդության բավարարման պատճառով:
«Պաշտպանական կողմը միջնորդել է բոլոր ականատես 5 վկաներին ու մեկ տուժողին հարցաքննել մեկ օրում: Բայց այդ մարդկանց ցուցմունքների ծավալն այնպիսին է, որ մեկ օրում հարցաքննություն կատարել հնարավոր չէ: Արդեն մի քանի դատական նիստ ենք հետաձգում, որովհետեւ բոլորի միաժամանակյա մասնակցությունը չենք կարողանում ապահովել, երկուսը չեն գալիս, երեքին բերման են ենթարկում եւ այլն, խնդիրն այն է, որ նրանց պատճառով չենք կարողանում առաջ գնալ: Եթե այսպիսի քաղաքականությունը շարունակվի, նիստերը չեն ավարտվի: Դատարանն այնպիսի դատավարական ընթացակարգ է սահմանել, որ բոլոր նիստերն այսպես կարելի է պռավալ տալ: Նման միջնորդություն հիշում եմ, որ արվել է 10-15 տարի առաջ մի պաշտպանի կողմից ու այդպես էլ այդ գործողությունը ի կատար չեղավ, թե հետաձգումներն ում շահից են բխում այս պահին, չեմ կարող ասել»,- Aravot.am-ին ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «ԵԼՔ» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ