Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը այս տարվա հունվար-փետրվար ամիսներին 8.6 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից: Այսօր ԱՎԾ-ն հրապարակել է ընթացիկ-օպերատիվ մակրոտնտեսական ցուցանիշները:
Արդյունաբերական արտադրանքի մասով նույնպես աճ է գրանցվել. Այս ոլորտում աճը կազմել է 8.3 տոկոս: Դրամային արտահայտությամբ հունվար, փետրվար ամիսներին այն կազմել է 254 միլիոն 703.5: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, ծառայության տվյալներով, 2017 թվականի հունվար-փետրվար ժամանակահատվածի համեմատությամբ, անկում է ապրել՝ կազմելով 99.9 տոկոս: Այս տարեսկզբի երկու ամիսներին այդ ծավալը կազմել է 45 միլիոն 332.1 դրամ: Փոխարենն աճել է շինարարության ծավալները՝ 22.7 տոկոսով: 2018-ի հունվար-փետրվար ամիսներին շինարարության ծավալները մեր երկրում կազմել են 21 միլիոն 643 հազար դրամ: Առեւտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 17.4 տոկոսով՝ կազմելով 359 միլիոն 62.3 դրամ: Ծառայությունների ծավալն առանց առեւտրի 15.1 տոկոսով է աճ արձանագրել: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ծառայությունների ծավալը կազմել է 225 միլիոն 686.2 դրամ:
Սպառողական գների ինդեքսը կազմել է 103.1 տոկոս: Այսինքն՝ նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատությամբ գնաճը այս տարվա նույն ամիսներին կազմել է 3.1 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 104.4 տոկոս է:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալների աճը այս տարվա հունվար-փետրվարին դոլարով կազմել է 43.2 տոկոս՝ 1 միլիոն 98 հազար դոլար, դրամով՝ 512.4 միլիարդ դրամ:
Ըստ նույն աղբյուրի, արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել է 41 տոկոսով՝ կազմելով 386.9 միլիոն դոլար, դրամով էլ՝ 186.4 միլիարդ դրամ:
Ներմուծումն ավելացել է 44.4 տոկոսով: Ըստ ԱՎԾ-ի ներկրման ծավալները գումարային արտահայտությամբ կազմել են 711.5 միլիոն դոլար, դրամով 326 միլիարդ դրամ:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ, հունվար-փետրվարին 481.88 դրամ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ