Մարտի 20-ին Վարչական դատարանում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ընդդեմ արտաքին գործերի նախարարության հայցով դատական նիստը: Նախագահողն էր Մհեր Պետրոսյանը: Հայցադիմումով նախարարությունից պահանջվում էր տրամադրել տարիներ շարունակ բանակցված եւ 2013 թվականին համաձայնեցվելուց հետո տապալված Հայաստան-ԵՄ ասոցացման ու խորը եւ համապարփակ համաձայնագրի նախագիծը:
Դեռեւս 2015թ. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ արտաքին գործերի նախարարության՝ պահանջելով հրապարակել համաձայնագրի գոնե այն հատվածը, որը վերաբերում է սակագնային կարգավորումներին: Արտգործնախարարությունն էլ պնդել էր, որ պայմանագիրը դասվել է ծառայողական գաղտնիքի ցանկին, քանի որ դրա վաղաժամ հրապարակումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության կենսական շահերին:
Հայցվորի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը եւ Էդգար Հակոբյանը կողմ էին, որ Aravot.am-ը լուսաբաներ նիստը, սակայն պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Վարդանյանն ասաց, որ դա նպատակահարմար չի համարում: Էդգար Հակոբյանը նորից պնդեց, որ քանի դեռ դատական նիստը դռնփակ չէ՝ լրագրողի կողմից նիստի տեսաձայնագրումը չի կարող արգելվել: Պատասխանողն ասաց, որ նիստի ընթացքում պետք է ներկայացվի ապացույց, որը գաղտնիություն է պարունակում: Դանիել Իոաննիսյանը առաջարկեց միջանկյալ լուծում, այսինքն՝ տեսալուսանկարվի նիստի այն մասը, քանի դեռ գաղտնիություն պարունակող ապացույցը չի հրապարակվել: Դատարանը որոշեց մերժել հայցվորի՝ դատական նիստը լուսաբանելու մասին միջնորդությունը եւ որոշվեց նիստն անցկացնել դռնփակ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ