Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
Հարգելի խորհրդարան
Մեր երկրի անվտանգության ամրապնդումն ու տնտեսական առաջընթացի ապահովումը շարունակում են մնալ իշխանությունների քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունները: Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև ներքին կայուն միջավայրը նպաստավոր պայմաններ են ստեղծել տնտեսական առաջընթացի համար:
Բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը ԱՊՀ տարածաշրջանում ամենամեծ տնտեսական ակտիվություն ու աճ ապահովող երկիրն է և հուսով եմ, որ նման տեմպերի պահպանման դեպքում մեր քաղաքացիները անմիջականորեն կզգան այդ դրական փոփոխությունները:
Հարգելի խորհրդարան, Արցախի խնդրի խաղաղ և արդար կարգավորումը մեր կարևորագույն օրակարգային խնդիրներից է: Մենք շարունակելու ենք սատարել Արցախի քաղաքացիների ինքնորոշման աստվածատուր պայքարին, և այդ սատարման գործընթացում հիմնական գործոնը պետք է լինի մեր բանակը, որը թե′ 90-ականներին և թե′ այսօր հարկ եղած դեպքում արժանիորեն հակահարված է հասցնում ադրբեջանական սադրանքներին: Այս ամենը նյարդայնացնում է Ադրբեջանի ղեկավարությանը, որը հերթական անգամ հանդես է եկել զառանցանքով՝ նշելով,որ Հայաստանի տարածքի մեծ մասը պատմական ադրբեջանական հողեր են: Նախ, պատմական հողեր ունենալու համար պետք է պատմություն ունենալ: Ադբրեջան պետության պատմությունը դեռևս 100 տարին չի բոլորել: Իրենց սիրելի <<Ատլետիկո Մադրիդ>> ակումբը 15 տարով մեծ է Ադրբեջան պետությունից: Ադրբեջանը արհեստական պետություն է, որը թատերաբեմ է իջել 1918 թվականի մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի հետևանքով: Այստեղ հիշեցի «Միմինո» լեգենդար ֆիլմի հերոսներին, որոնք նշում էին. « Я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся: сначала подумай, потом говори»:
Մամուլի հաղորդագրություն