Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Ելքին» եւ հատկապես Փաշինյանի՝ ստահոդ պետության մասին ելույթին:
Աշոտյանը հիշեցրեց, որ «Ելքին» առաջարկել էր ստվերային կառավարություն ստեղծել, որը թույլ կտա ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել խորհրդարանական ընդդիմության աշխատանքը եւ հասարակությանը տալ այլընտրանքային քաղաքական օրակարգ:
Ըստ Աշոտյանի, քանի որ առաջարկն ինքն էր արել, «Ելքը» մերժեց. «Չեմ ուզում ձեզ դիտարկել որպես ստահոդ ընդդիմություն: Այսօրվա ձեր ելույթներից հետո կարելի էր ստահոդ բառը տարածել ընդդիմադիր խմբակցությունների վրա, բայց չեմ ուզում այդպես անել, որովհետեւ մենք ոչինչ չենք արել, որ դուք մտնեք խորհրդարան, դուք ձեր աշխատանքով եք մտել եւ մի վարկաբեկեք ձեր հաջողությունները»:
Աշոտյանը հայտարարեց. «Նախկինում ձեր խմբակցության ղեկավարի ակտիվ մասնակցությամբ քայքայվեց ՀԱԿ-ը, հուսամ, «Ելքին» նույն ճակատագիրը չի սպասում»:
Ի պատասխան՝ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իշխանությանը ձեռնտու է, որ ընդդիմադիր դաշինքները քանդվեն, ընդդիմությունը կայանա, լինի ինստիտուցիոնալ, բայց «Ելքի» մահվան մասին լուրերը ուռճացված են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ