ԱԺ-ում շարունակվում է քննարկվել «Ելքի» առաջարկը՝ Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունելու:
Փաշինյանը մարտահրավեր էր նետել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ ասելով, որ Քոչարյանի ասածները հիմնավորող որեւէ տեսագրություն չկա, նրա խոսքերը ստահոդ են: Փաշինյանը նաեւ ասաց, որ դատախազությունը ստում է, նախաքննություն չի իրականացվում, ոչինչ չի արվում Մարտի 1-ի գործով:
Կոստանյանն ավելի ուշ հակադարձեց Փաշինյանին, թեեւ որեւէ բառ չասաց Քոչարյանի խոսքերը հաստատող տեսագրության մասով. «Նախաքննություն ո՞նց չի իրականացվում: Քրգործով 3 որոշում կարող է կայացվել՝ վարույթը կարճելու, վարույթը կասեցնելու եւ գործը եզրակացության դատարան ուղարկելու մասին: Քանի այս երեքից որեւէ որոշում չի կայացվել՝ հետեւաբար քրեական գործը վարույթում է»:
Ըստ Կոստանյանի, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները տեղյակ չեն իրենց իրավունքների մասին, չեն դիմում իմանալու, թե ինչ փուլում է գործը, բայց դա չի նշանակում, որ որեւէ գործողություն չի իրականացվում:
Փաշինյանն էլ ասաց, որ ճիշտ է, երեք որոշումներից մեկը պետք է ընդունվի՝ կասեցվի, կարճվի, կամ ուղարկվի դատարան, բայց այս երեքից որեւէ որոշում չեն կայացնում, որ ինչ հարցնեն, ասեն՝ ո՜նց նախաքննություն է գնում, նախաքննական գաղտնիք է:
Փաշինյանը Կոստանյանին նորից հիշեցրեց իր մարտահրավերը: Կոստանյանը կարծես տեղից հերքեց, ասաց, որ նման բան ինքը չի ասել, թե Քոչարյանի խոսքերը հաստատող տեսագրություն կա:
Փաշինյանն էլ հիշեցրեց, որ նման հայտարարություն արել է «Ազատության» հարցազրույցում. «Առավել եւս, եթե հիմա ասում եք, որ չեք ասել նման բան, ուրեմն նախաքննության մարմինը կա՛մ թող ցույց տա այդ տեսագրությունը հանրությանը, որ այ, տեսեք, դուրս են եկել մեքենաների հետեւից, կրակել են, թաքնվել են, կա՛մ Ռոբերտ Քոչարյանին կանչեք հարցաքննության, ուրիշ տարբերակ չկա: Սա շատ պարզ ընտրություն է: Դրա համար նախաքնննությունը չեք կարճում, որ ինչ սուտ հնարավոր է բարձեք հասարակության կարծիքի վրա, ասեք՝ նախաքննության գաղտնիք է: Չի կատարվում որեւէ նախաքննություն, դա միֆ է եւ հերթական ստահոդ երեւույթը ՀՀ պետական կյանքում: Այսօրվա գործող իշխանությունը ստահոդ պետության տրամաբանության մեջ չի ուզում բացահայտել մարտի 1-ի սպանությունները, որովհետեւ ի՛նքն է Մարտի 1-ի սպանությունների հեղինակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ