«Ցանկացած հայ՝ Տորոնտոյից սկսած մինչեւ Լիբանան, կասի հետեւյալը՝ քանի Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը չեն բացահայտվել, էս երկիրը երկիր չի դառնա: Եթե այդքան մարդ այդ նույն բանն ասում է՝ ասածից հետեւություն անել է պետք»,- այսօր խորհրդարանում Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նա ասաց, որ իր համար հարցերի հարցը ոչ թե այն է, թե Մարտի 1-ին ով հրաման տվեց կրակելու, այլ հարցերի հարցը այն է, թե Մարտի 1-ի առավոտյան լույսը դեռ չբացված ո՞վ հրաման տվեց Օպերայի հրապարակ մտնել. «Այս հարցին պետք է պատասխանեն: Այս հարցը Ռոբերտ Քոչարյանը որոշել է ինքնուրո՞ւյն, թե՞ այդ որոշմանը մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Սա գերկարեւոր հարց է ու Ռոբերտ Քոչարյանը թող այս հարցին պատասխանի, վերջապես ասի, որ էդ որոշումը ես միայնակ չեմ արել, կամ ասի, որ միայնակ եմ արել, որովհետեւ ինքը միակ տղամարդն է»:
Արամ Սարգսյանը հիշեց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերը, որ Հոկտեմբերի 27-ը կարող է դրսի ուժերի կազմակերպածը լինի. «Ասեմ, որ կա նման վարկած: Ասեմ, որ ես, վարչապետ լինելով, կամ վարչապետ լինելուց հետո բազմաթիվ անգամներ այդ մասով հարցաքննվել եմ: Հարցաքննվե՞լ է, արդյոք, Ռոբերտ Քոչարյանը այդ մասով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պիտի էդ մարդը տա: Վերջիվերջո, հիմա ինքը նախկին նախագահ է, այդքան ինձ էիք կանչում մեր ամբախ-զամբախ ընդդիմության արած հարցերով հարցաքննության, մի անգամ էլ էդ մարդուն կանչեք: Թե չէ այնտեղ նստած՝ իր մամուլի խոսնակի լեզվով այստեղ բաներ է հասկացնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ