Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյան. «Արցախցիների իրավունքները պետք է իրացվեն»

Մարտ 20,2018 16:04

«Արցախի Հանրապետության` դեռեւս ճանաչված չլինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա այնտեղ ապրող մարդկանց իրավունքների իրացման համար: Մարդու իրավունքների եւ դրանց առնչվող արժեքների ամրապնդումը Ֆրանկոֆոնիայի գերակայություններից է: Հավատարիմ մնալով այդ եւ Ֆրանկոֆոնիայի մյուս արժեքներին, այդ թվում` խաղաղությանը, ժողովրդավարությանը՝ Արցախի Հանրապետությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում զարգացնելու Ֆրանկոֆոնիան Արցախի տարածքում: Դրան նպաստում են նաեւ տարբեր երկրներ ներկայացնող ֆրանսախոս խորհրդարանականների այցերն Արցախ»,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցում են պատվիրակներ`27 եվրոպական եւ աֆրիկյան երկրներից:

ԱԺ նախագահը նկատեց`այս տարի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը տեղի է ունենում հայերիս համար հիշարժան հոբելյանների տարում. «Մայիսի քսանութին մենք կտոնենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, իսկ աշնանը՝ մայրաքաղաք Երեւանի 2800-ամյակը: Մենք սիրում ենք կատակել, որ Երեւանը քսանինը տարով Հռոմից մեծ է»:

Արա Բաբլոյանը հիշեցրեց`մոտ մեկ ամիս առաջ ողջ հայությունը նշում էր Ղարաբաղյան շարժման երեսունամյակը. «1923թ. Ստալինի կամայական որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երեք տասնամյակ առաջ աշխարհին բարձրաձայնեց իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իր կամքը: Արցախի Հանրապետությունն այսօր դե ֆակտո կայացած պետություն է` ձեւավորված պետական կայուն ժողովրդավարական համակարգով ու ենթակառուցվածքներով, զարգացող տնտեսությամբ: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ այն կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, մարդու հիմնարար իրավունքների, ինչպես նաեւ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում, որտեղ հայատյացությունը դարձել է պետական քաղաքականություն»:

Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային ժողովի ֆրանկոֆոնիայի սեկցիայի աջակցությամբ եւ Արցախի խորհրդարանի ղեկավարության ակտիվ մասնակցությամբ աշխատանքներ են ընթանում Արցախում Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի կազմավորման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր խոսքում հիշեցրեց`Հայաստանը 2018թ. հոկտեմբերի 11-12-ին հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը եւ երկու տարի նախագահելու է Ֆրանկոֆոնիայի այս բարձրագույն ատյանը: Ասաց`Հայաստանը հպարտությամբ է ընդունել

Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարների` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր ընտրելու որոշումը: Էդվարդ Նալբանդյանի տեղեկացմամբ, գագաթաժողովն անցնելու է «Ապրել միասին» խորագրով`«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Թեման ընտրվել է՝ հաշվի առնելով ֆրանկոֆոնիայի շրջանակներում, նաեւ միջազգային մակարդակում առկա իրողությունները: «Ապրել միասին» հասկացությունը քաջ ծանոթ է հայ ժողովրդին՝ աշխարհի ավելի քան հարյուր երկրներում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է լիովին ինտեգրվել իրենց հյուրընկալած երկրների հասարակություններում՝ միեւնույն ժամանակ պահպանելով իրենց ազգային ինքնությունը եւ ընդգծելով միասին ապրելու ունակության կարեւորությունը` փոխադարձ հարգանքի, ներդաշնակության, համերաշխության, բազմազանության ոգով»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Գագաթաժողովի կարեւոր միջոցառումներից մեկն էլ, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է լինելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031