Խորհրդարանում քննարկվում է Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, որի հեղինակը «Ելք» խմբակցությունն է:
Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախագիծը ներկայացնելիս հիշեց ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի հայտարարությունը՝ Քոչարյանի մասին: Հիշեցնենք, որ նա Ռոբերտ Քոչարյանին մեղադրել էր՝ ասելով, որ մինչեւ հիմա անհայտ է, թե նա ինչի հիման վրա էր հայտարարում, թե ցուցարարները մեքենաների հետեւից կրակում են զինվորների վրա եւ թաքնվում են եւ ինչի հիման վրա արտակարգ ռեժիմ մտցրեց:
Փաշինյանն ասաց, որ Նիկոյանի այս խոսքերի հետ կապված իրենք դատախազությանը միջնորդել են, որ հարցաքննեն Քոչարյանին, պարզաբանումներ ստանան, մերժել են իրենց. «Իսկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայումս ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, թե նախաքննության մարմնի ձեռքի տակ կան Քոչարյանի ասածները հիմնավորող տեսանյութեր: Ուզում եմ պաշտոնապես մարտահրավեր նետել Կոստանյանի այս հայտարարությանը եւ պնդել, որ սա ստահոդ հայտարարություն է, չկա նման տեսագրություն եւ չի կարող լինել: Եթե կա նման տեսագրություն, թող հրապարակեն եւ հանրությանը ներկայացնեն: Ես պնդում եմ, որ նման տեսագրություն չկա եւ չի կարող լինել: Նման տեսագրության գոյության անհնարինությունը փաստել է նաեւ Սամվել Նիկոյանը»:
Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստում է, նման տեսագրություն չկա, թող ապացուցեն հակառակը:
Ինչ վերաբերում է 0038 գաղտնի հրամանին, Փաշինյանն ասաց, որ Կոստանյանը փորձեց տպավորություն ստեղծել, թե այս հրամանը ստորագրվել է՝ ՀՀ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար. «Սա նույնպես ստահոդ հայտարարություն է մի պարզ պատճառով՝ 0038 հրամանով ձեւավորվել է Երեւան քաղաքի կայազոր եւ Երեւան քաղաքի կայազորի պետ է նշանակվել Յուրի Խաչատուրովը, նրա համար ձեւավորվել է աշխատակազմ, ներգրավվել են բարձրաստիճան պաշտոնյաներ ՊՆ-ից եւ հետագայում կայազորի գործառույթը եղել է ՀՀ սահմաններից, հայ-ադրբեջանական շփման գծից զինվորներ եւ զինտեխնիկա տեղափոխելը Երեւանի կենտրոն՝ հետագայում ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու եւ նրանց բարձրացրած արդարացի բողոքը ճնշելու համար»:
Փաշինյանը նաեւ ասաց, որ ՀՀ իշխանությունը պնդում է, թե Մարտի 1-ի գործով նախաքննությունը շարունակվում է, մինչդեռ դա էլ է սուտ, ոչ մի նախաքննություն, ոչ մի գործողություն, ոչ մի քայլ չի արվում:
Էդմոն Մարուքյանը Փաշինյանին հիշեցրեց, որ «Ելքի» կազմակերպած լսումներից հետո Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից պատասխան էր եղել: Փաշինյանն էլ արձագանքեց. «Քոչարյանը վատ էր զգացել, որ ընդդիմության ներկայացուցիչները կազմակերպել են լսումներ: Ես կարծում եմ, պարոն Քոչարյանի ինքնազգացողությունը վերականգնվել է ամբողջությամբ եւ հիմա առաջվա պես է զգում իրեն, ունի բավարար առողջություն, որ նախաքննության հարցերին պատասխանի եւ ցուցմունքներ տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ