Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը համոզված է, որ Ժիրայր Սեֆիլյանին տաս ու կես տարով ազատազրկելով՝ իշխանությունները ժողովրդին ճնշելու միտում ունեն:
Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատավճիռը: «Այս կերպ ժողովրդին ցանկանում են վախեցնել ու ասել՝ «ոչ մի բանի համար հերոսին ազատազրկում ենք տասը տարով, ուրեմն՝ մնացածը զգույշ պետք է լինեն»,-լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Ավետիսյանը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ իր հերթին նկատեց. «Ինչպես 2008թ. մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանը դատարանները փչացրեց զանգվածային ձերբակալություններով, հիմա էլ բանտերն անմեղ մարդկանցով են լցվում»:
Անդրադառնալով «Սեֆիլյանի գործով» դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին՝ Ժաննա Ալեքսանյանն ասաց. «Նա քմահաճ էր վարվում: Նա իրավունք չուներ նման տոնով խոսել Ժիրայր Սեֆիլյանի հետ: Նման դատական համակարգ ունենալը ողբերգություն է Հայաստանի համար»:
Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանությունը շատ ծանր տարավ Սեֆիլյանի այն հայտարարությունը, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո 700 հեկտար հող ենք կորցրել, այդ պատճառով որոշեց նրան փակել բանտում:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս դատավճիռն իշխանությունների անձնական վրեժխնդրությունն էր Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ