Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Պահանջում եմ ինձ և Սոնա Աղեկյանին ճանաչել որպես տուժող»

Մարտ 20,2018 14:56

Բողոք

2018 թվականի փետրվարի 13-ին  Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ Տարոն Մարգարյանի, նրա աշխատակազմի և Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից կատարված բռնություններից անցել է մեկ ամսից ավել ժամանակ, սակայն մինչ օրս ՀՀ իրավապահ մարմինները պատշաճ գնահատական չեն տվել 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ տեղի ունեցած բռնություններին, որոնք պարունակում են հանցակազմեր նախատեսված  ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ Հոդված 131՝ Մարդուն առևանգելը, Հոդված 139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, Հոդված 143` Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, Հոդված 161` Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը, Հոդված 309.1՝ Խոշտանգումը, Հոդված 316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Վերը թվարկված հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնելը փաստում է, որ ի դեմս ՀՀ իրավապահ մարմինների խրախուսվում է  անպատժելիությունը: Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է իրականացնել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

2018 թվականի փետրվարի 13-ին  Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների  նկատմամբ տեղի ունեցած բռնությունների և բռնություն կիրառելու շարժառիթների մասին հանգամանալից բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն մինչ օրս բողոքին պատշաճ իրավական գնահատական չի տրվել: Դեռ ավելին հայտնի է, որ տեղի է ունենում նախաքննություն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ), նախաքննությունը իրականացնում է  ՀՀ քննչական կոմիտեն: Սույն քրեական գործի շրջանակում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը ճանաչվել է տուժող: Սույն քրեական գործի շրջանակում ինձ և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին չեն ճանաչել որպես տուժողներ, այլ հրավիրել են հարցաքննության որպես վկաներ: Այս փաստերը վկայություն են, որ վարույթն իրականացնող մարմինը խուսափում է կատարել իր պարտականությունները`դիտավորություն ունենալով որակել տեղի ունեցած հանցագործությունները որպես ծեծ և խուլիգանություն մեկ տոժողով:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի Հոդված 100 դրույթներով՝ պահանջում եմ ինձ և Սոնա Աղեկյանին ճանաչել որպես տուժող և քրեական հետապնդում իրականացնել ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ Հոդված 131՝ Մարդուն առևանգելը, Հոդված 139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, Հոդված 143` Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, Հոդված 161` Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը, Հոդված 308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը, Հոդված 309.1՝ Խոշտանգումը, Հոդված 316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

 

Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»

խմբակցության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031