Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը չգիտի`«Ելք»-ը մեկ կուսակցություն կդառնա՞

Մարտ 20,2018 14:02

«Եվ մեր եւ «Հանրապետություն» կուսակցության ճանապարհային քարտեզները մշակվել են «Ելք»-ի շրջանակներում եւ «Ելք»-ի տրամաբանության մեջ: Այն առանձին գործողություն չենք մշակել: Չգիտեմ, ապագայում ինչ կքննարկվի, բայց այս պահին սա նոր իրավիճակ է: Այս ձեւով է եղել եւ մենք ուղղակի որոշել ենք չխանգարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր գործընկերներին, որ իրենք իրենց ծրագիրն իրենց ձեւով կարողանան իրականացնել`առանց կաշկանդված լինելով «Ելք-ի մոտեցումներով, դիրքորոշումներով, քննարկումներով, տակտիկական տարբերություններով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու դեմ պայքարի հարցում «Ելք»-ում առկա անհամաձայնություններին եւ որոշմանը:

Այժմ «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրի մասին խոսել Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում`չի կարող, նաեւ այն պատճառով, որ տեղեկություն չունի: Կհրապարակվի`կխոսեն:

Էդմոն Մարուքյանը նաեւ չի ասում, որ իր այս որոշմամբ Նիկոլ Փաշինյանը պառակտում է մտցնում դաշինքում. «Ելք» դաշինքը չի պառակտվել, գործում է: Մենք ուղղակի, որեւէ մեկի ձեռքերը չենք բռնում որեւիցե մի ուժ մյուսին չի կաշկանդում`իր ծրագրերը, գործունեությունն իրականացնելու համար»: Նկատում է`դաշինքի ստեղծմամբ այդ երեք կուսակցությունները չեն փակվել, չեն դադարեցրել իրենց գործունեությունը. «Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը, իր քաղաքական, կուսակցական ինքնությունը»: Ասում է`տարբերություններն իրենց միշտ հարստացրել են, ինչի արդյունքում ունեն բանավեճ եւ քննարկումներ:

Լրագրողները հիշեցրին`ծրագիր կար մեկ կուսակցության մեջ միավորվելու: Էդմոն Մարուքյանը նկատում է`հուշագրում գրված է`հաջող գործունեության արդյունքում պետք է բանակցություններ սկսեն մեկ կուսակցությունում միավորվելու շուրջ: Հաջո՞ղ է դաշինքի գործունեությունը`հստակ չի պատասխանում, բայց ասում է`հուշագրում գրված որեւէ հարցի շուրջ անպայման բանակցություններ լինելու են: Ինչո՞վ կավարտվեն բանակցությունները`ժամանակը ցույց կտա:

Մանրամասները`տեսանյութում

Ի դեպ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հրաժարվեց լրագրողների հետ խոսել այս թեմայով: Կարծում է`արտառոց ոչինչ չի եղել:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին , այն Էդմոն Մարուքյանի համար անակնկալ չէր. «Մենք մայիս ամսից այս շենքում այդ հարցը բարձրացնում ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031