Լրահոս
Օրվա լրահոսը

Պարապ, անիրազեկ, անկիրթ դեսպանների հարցը՝ ԱԺ-ում

Մարտ 20,2018 13:41

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում են փոխել դեսպանների նշանակման եւ ազատման կարգը՝ նոր Սահմանադրությանը համապատասխան: Դեսպանի պաշտոնը վարչական է, արտգործնախարարի տեղակալներինը՝ քաղաքական: Օրենքում հստակեցվել են այն հարցերը, որոնք կապված են դիվանագետների ռոտացիայի, առաջխաղացման հետ: Դեսպանները նշանակվելու են նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հարցրեց՝ հնարավոր չէ՞, որ դեսպանների նշանակումից առաջ հանձնաժողովն էլ ինչ-որ դեր ունենա, թեկուզ հանդիպի դեսպանի թեկնածուի հետ մինչ նշանակումը: Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ երբ նախագծում փորձել են գրել, որ դեսպաններ նշանակում են արտգործնախարարության ներկայացմամբ, վարչապետի առաջարկությամբ, այնուամենայնիվ, նույնիսկ դա չի ընդունվել:

Աշոտյանն էլ պարզաբանեց, որ ամբիցիաների հարց չի, գուցե նշանակումից առաջ իրենք փորձեն հրավիրել թեկնածուին ԱԺ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ անիրազեկ, դիվանագիտական կրթությունից հեռու, դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող եւ իր կարգավիճակի էությունը չիմացող դեսպաններին. «Մենք բնական գազ չունենք, սեւ խավիար չունենք, նավթ չունենք եւ մեր պետության աղքատիկ հնարավորությունները պետք է փոխհատուցել մեր դիվանագիտական ճկուն աշխատանքի շնորհիվ: Ես անուններ չեմ տալիս, բայց այսօր տեսնում ես, որ պատասխանատու հարաբերություններում, կարեւոր նշանակություն ունեցող երկրների հետ հարաբերություններում Հայաստանը ներկայացնում են բացարձակապես անիրազեկ մարդիկ: Մարդ, ով երբեւէ դիվանագիտական աշխատանքով չի զբաղվել, դիվանագիտական կրթություն չունի, գնում հայտնվում է դեսպանի պաշտոնում, իրեն հայտարարում է բոլոր հոգսերից ու պարտականություններից ազատված ու սկսում է զբաղվել պարապ ինքնահիացմամբ՝ սեփական հարցերը լուծելով»: Նա հորդորեց, որ իրավական կարգավորումները այնպես լինեն, որ պատահական մարդիկ չբազմեն դեսպանի պաշտոնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031