Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս դատավճիռը խայտառակություն է եւ իր տեսակով արտառոց». պաշտպանը դատավճիռը քաղաքական պատվեր է համարում

Մարտ 20,2018 13:35

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսօր դատապարտվեց 10 տարի  եւ 6 ամսվա ազատազրկման: «Նա երեք հոդվածներով մեղավոր ճանաչվեց՝ այն դեպքում, երբ ապացույցներ չկային: Սա քաղաքական պատվեր է եւ հաշվեհարդար: Մարտի 20-ը պետք է նշվի որպես արդարադատության մահվան օր: Դատարանների շենքերին ծածանվող դրոշն այս օրը պետք է իջեցնել եւ փոխարենը սեւ ժապավեն փակցնել»,-լրագրողների հետ զրույցում դատավճռին այսպիսի գնահատական տվեց Սեֆիլյանի շահերի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:

Նրա գնահատմամբ՝ կգա ժամանակ, երբ քաղաքական իշխանությունը պատասխան կտա այս դատավճռի համար: «Մեղադրանքում մոռացել են նշել Քենեդու սպանության մասին հոդվածը: Մյուս հոդվածներն էլ էին նույն ժանրից, այսինքն՝ ֆանտաստիկա…ուղղակի նրան պետք է ազատազրկեին՝ լռեցնելու համար, որովհետեւ նա լուրջ վտանգ էր ներկայացնում ներկայիս իշխանական վարչախմբի համար»,-հեգնեց Արայիկ Պապիկյանը:

Նա հայտնեց, որ դատավճիռը բողոքարկելու են, բայց, փաստաբանի խոսքով, անկախ դատական համակարգ չկա, ուստի Վերաքննիչ քրեական դատարանը ձեւական ընթացակարգով է քննելու իրենց բողոքը:

«Այս դատավճիռը խայտառակություն է եւ իր տեսակով արտառոց: Հենց սկզբից ապացույցները կեղծված էին: Իշխանությունները կարծես սրանով ասացին, որ իրենց դեմ խաղ չկա»,-իր հերթին համոզմունք հայտնեց Սեֆիլյանի շահերի մյուս պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ Ժիրայր Սեֆիլյանն ու Արայիկ Պապիկյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031