Դեռևս ամիսներ առաջ ՀՀ կառավարությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, այն է` համայնքներում տնտեսական կամ սոցիալական ծրագրեր կյանքի կոչելու համար սուբվենցիաների` նպատակային հատկացումներ տրամադրելու վերաբերյալ:
Համաձայն դրա` տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում համայնքի կողմից ներկայացված ծրագրի արժեքի մինչև 60%-ը կարող է ֆինանսավորվել պետական բյուջեից: Սոցիալական ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման դեպքում կառավարության կողմից համաֆինանսավորվելու է ծրագրի ընդհանուր արժեքի 40%-ը:
Ինչպես նշել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը, այս գործընթացով կառավարությունը փորձում է խրախուսել համայնքներին, որպեսզի համայնքները իրենց ընդհանուր բյուջեում հնարավորինս աճեցնեն կապիտալ ծախսերը:
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, կարևորելով կառավարության կողմից ներկայացվող խիստ անհրաժեշտ այս ձեռնարկը, ի մի բերելով համայնքային առաջնահերթությունները, արձագանքեց դրան: Արդյունքում Սևան համայնքը ներկայացրեց «Չարենց փողոցի հիմնանորոգում և արդիականացում» տնտեսական ուղղվածության ծրագիրը:
Հայտում հիմնավորված էին ծրագրի նպատակը, արդյունքները, ազդեցությունը, դրա կարևորությունը համայնքի բնականոն կենսագործունեության համար:
Ներկայացվող հայտը Գեղարքունիքի մարզպետարանի կողմից արժանացավ դրական եզրակացության և ուղարկվեց ՀՀ կառավարություն:
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն տարբեր մարզերից ներկայացված 4 հայտ ստացել է դրական եզրակացություն, որից մեկը Սևան համայնքից ուղարկված ծրագիրն է:
Պետության աջակցությունը պայմանավորված է կոնկրետ ծրագրի առանձնահատկությամբ և տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ:
Մյուս 3 ծրագրերը կիրականացվեն Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի 4 բնակավայրերում /փողոցային լուսավորություն/, Արտենի բնակավայրում` /մանկական այգու կառուցում/, Շիրակի մարզի Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում /կանաչապատված և բարեկարգված հրապարակի ստեղծում/:
Համայնքի կողմից նախապատրաստվել է ևս մեկ հայտ, կրկին ճանապարհաշինական` Սևան համայնքի մի շարք փողոցներում փոսային հիմնանորոգում, որն արդեն ուղարկվել է Գեղարքունիքի մարզպետարան:
Համայնքում շուտով կմեկնարկի «Չարենց փողոցի հիմնանորոգում և արդիականացում» ծրագիրը, որը կլինի ընթացող ծրագրերից հերթականը:
Եվս 3 ծրագիր ընթացքի մեջ է: Ծրագրերից առաջինն իրականացվում է Սևանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզում:
«Զարթոնք»-ին նոր զարթոնք ապահովելու համար մանկապարտեզը ընդգրկվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերում:
Ծրագրի արժեքը 215մլն. է, որից 15մլն.-ը` համայնքային ներդրում: Հիմնանորոգումից հետո մանկապարտեզի շենքային և բակային պայմանները լիովին կբարեփոխվեն` համապատասխանելով ժամանակակից չափորոշիչներին: Այս նախադպրոցական ուսումնական հաստատությունում իրականացվելու է նաև ներառական կրթություն:
Քաղաքի մշակութային կյանքում էլ շուտով կարձանագրվի դրական փոփոխություն, որը հիմնավորապես կփոխի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում իրականացվող աշխատանքների որակը և այդ շենքում գործող կազմակերպությունների աշխատանքային պայմանները:
Մշակույթի պալատի շենքի ոչ բարվոք վիճակն արժանացել է կառավարության ուշադրությանը, և այն ներառվեց հիմնանորոգման ծրագրերում: Հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է մի քանի փուլերով:
Քաղաքի մեկ այլ հատվածում էլ` Սևանի պոլիկլինիկայի շենքի հարևանությամբ կառուցվում է Սևանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենք: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:
Հիվանդանոցային նոր մասնաշենքում տեղակայվելու են կենտրոնի բոլոր հիվանդանոցային ծառայությունները: Մասնաշենքի հարակից տարածքում կառուցվելու են նաև համապատասխան ենթակառուցվածքներ:
Սևանում այս տարի մեկնարկել է «ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագիրը` ԵՄ համաֆինանսավորմամբ: Ծրագրի սկիզբն ազդարարող շնորհանդեսին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, փոխնախարարներ Վարազդատ Կարապետյանը, Կարեն Իսախանյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները, ծրագրի գործընկերները:
Ծրագրի նպատակն է զբաղվածության, որակի, կայունության, անվտանգության և աշխատաշուկայի որակական աճի վրա բազմակողմանի ազդեցության միջոցով նպաստել համայնքում և ողջ տարածաշրջանում կայուն տնտեսական աճի արձանագրմանը:
Երկամյա ծրագրի աշխատանքների առանցքում գերակա է լինելու Սևան համայնքի վերափոխումը` այն ֆինանսապես անկախ, տնտեսապես կայուն, սոցիալապես ապահով դարձնելը:
Սևան համայնքն ընդգրկվել է նաև «Աճի բևեռներ» ծրագրում, քանի որ համապատասխանում է Աճի բևեռներ հայեցակարգի պահանջներին, այն է` տնտեսական զարգացման ներուժ, զբոսաշրջային ուղղվածություն:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայեցակարգը կյանքի կոչելու համար համագործակցում է Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ հետ: Նախարարության հետ ծրագրերն իրականացվելու են Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով:
Երկու կառույցների ներկայացուցիչներն արդեն այցելել են Սևան, տեղում ծանոթացել համայնքային առաջնահերթություններին, իրականացվող ծրագրերին, հիմնախնդիրներին, առաջիկա անելիքներին: Հաշվի առնելով համայնքում առկա առավել հրատապ խնդիրները` այս տարի կիրականացվի նաև համապատասխան ծրագիր, որը քննարկման փուլում է:
Շուտով Սևանը կունենա հանգստի և ժամանցի հաճելի և գրավիչ անկյուն` Պրահա-Վինոր անունը կրող այգու տեսքով:
Սևանցի, Չեխիայում գործարարությամբ զբաղվող, «Ատլանտիս Դեվոլոպմենթ» ընկերության նախագահ Արամ Մարությանի և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ գաղափարը դարձնել կոնկրետ ծրագիր:
Սևանի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի միջնամասում գտնվող տարածքում անցյալ տարի արդեն իսկ իրականացվել են մի շարք աշխատանքներ, որոնք իրենց ավարտին կհասցվեն այս տարի:
Այգին հավակնում է դառնալ սիրելի և սպասված ոչ միայն սևանցիների, այլ նաև քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար: Սա նաև քաղաքի դիմագիծն ամբողջացնող ևս մեկ համայնքապահպան ձեռնարկ է:
Սևանցի մարզասերներին և ֆուտբոլով հետաքրքրվողներին ևս սպասվում է հաճելի անակնկալ ֆուտբոլի մարզադպրոցի կառուցման տեսքով:
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անձամբ այցելել է Սևան, տեղում ծանոթացել մարզադպրոցի շինարարության հետ կապված խնդիրներին և, հաշվի առնելով Սևան համայնքի բյուջեի ներկա վիճակը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի առաջարկությունները, որոշվել է` դպրոցի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կատարել ֆեդերացիայի միջոցների հաշվին:
Քանի որ ապագա դպրոցը գտնվում է քաղաքային զբոսայգու հարևանությամբ, շինարարական հիմնական աշխատանքներին զուգահեռ բարեկարգվելու է քաղաքային այգու տարածքը:
2018թ.-ը Սևանի համար լինելու է զարգացման ծրագրերի տարի, որը խոստանում է համայնքի համար ապահովել 2-րդ շնչառություն և նոր հեռանկարներ:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ