Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալավերդու կոմբինատում պղինձը ստանում են, ինչպես վաղ բրոնզե դարում, հիմա դրա ռիսկերը ո՞նց պետք է կառավարվեն». Սեյրան Մինասյան

Մարտ 20,2018 13:17

Մեր երկրում գետերի 35 տոկոսը ռիսկային եւ աղտոտված է, որը շատ վատ ցուցանիշ է: Հինգ տարի առաջ ռիսկայինն ու աղտոտվածը գումարային 20 տոկոս էր կազմում, հիմի, պաշտոնական տվյալներով՝ 35»,-այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը:

Ըստ Սեյրան Մինասյանի, Քաջարանի եւ Կապանի կոմբինատները տարիներ ի վեր աղտոտում են Ողջի գետը, Ալավերդու, Ախթալայի կոմբինատները՝ Դեբեդ, Ախթալա գետերը, Թեղուտի հանքավայրի հետեւանքով էլ Շնող գետն է ամենաաղտոտվածներից դարձել:

«Շնողի գետաբերանը լեռնային, շատ բարձր որակի ջուր էր մինչեւ Թեղուտի շահագործման հանձնելը, 2014-15 թվականներին իջավ 4-րդ կարգ, 2016-17 թվականներին արդեն 5-րդ կարգի վատ որակի, աղտոտված գետ է»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում պարոն Մինասյանը խոսեց նաեւ ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարումից: Նրա խոսքով այսօր մեր հանրապետության ջրային ռեսուրսների 80 տոկոսը կորչում է.«Սա սխալ կառավարման հետեւանք է, մեր ջուրը բավարար է ե՜ւ ոռոգելու ե՜ւ բնակչության համար, կբավարարի, եթե նույնիսկ այստեղ կրկնակի թվով բնակչություն ապրի: Տարեկան 7 միլիարդ խորանարդ մետր միայն մակերեւութային հոսանքն է՝ վերականգնվող պաշարը: Բարձրորակ, ընտիր ջուրը կորցնում են, մինչդեռ պետության համար դա պետք է ռազմավարական խնդիր լինի»:

Սեւանա լճից հավելյալ ջրառն, ըստ պարոն Մինասյանի, կրկին լճի հաշվեկշիռը դարձրեց բացասական, մինչդեռ, երբ կառավարությունը Ազգային ժողովում սրա վերաբերյալ օրենք էր անցկացնում, խոստանում էր, որ Սեւանա լճին վնաս չի լինի: Մասնագետի խոսքով, այսօր կառավարության որեւէ անդամ պատասխանատվություն չի կրում տեղի ունեցածի համար:

ՀԷԿ-երը նույնպես խնդիրներ են առաջացնում շրջակա միջավայրի համար, սակայն, պարոն Մինասյանի համոզմամբ, ցանկացած գործունեությամբ կարելի է զբաղվել ժամանակակից տեխնոլոգիաներով եւ բոլոր ռիսկերը կառավարելի դարձնել. «Բայց կարելի է զբաղվել ցանկացած գործունեությամբ՝ ավերելով: Օրինակ՝ Ալավերդու կոմբինատում պղինձը ստանում են այն տեխնոլոգիայով, ինչը ստացել են վաղ բրոնզե դարում: Հիմա 21-րդ դարն է, գոնե մենք պետք է այս վիճակում չլինեինք, քանի որ երկար տարիներ պղնձի արդյունաբերական ավանդույթներ ունեցող երկիր ենք: Իսկ այնտեղ հանքաքարը շիկացնում են եւ վրան ջուր են տալիս, այդպես ստացել են 3-4 հազար տարի առաջ, հիմա դրա ռիսկերը ո՞նց պետք է կառավարվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031