ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը տեղին չի համարում օգտագործել «դրժել» արտահայտությունը: Խորհրդարանում լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցով, որը վերաբերում էր իր`վարչապետ դառնալ-չդառնալուն: Լրագրողներից մեկը նկատեց, որ նախագահը դրժում է նախկինում իր տված խոստումը, որ չի հավակնելու երրորդ անգամ նախագահի կամ վարչապետի պաշտոն զբաղեցնելուն:
«Հանրապետության նախագահն իր խոսքում հստակ ասել է, այդ մասին ես եւս առիթ ունեցել եմ արտահայտվելու`անհրաժեշտ է մեջբերումներ կատարելիս, մեջբերումները կատարել բարեխղճորեն, ամբողջությամբ ներկայացնել խոսքը, որպեսզի ենթատեքստը ճիշտ փոխանցվի: Այն, ինչ ասվել է, ասվել է շատ հստակ գիտակցությամբ, որ խոսքը հավակնությունների մասին է եւ նախագահը երեկ եւս վերահաստատել է`ինչ վերաբերում է հավակնություններին, այո, նման հավակնություններ չկան, բայց կա ռեալ քաղաքական իրավիճակ»,- մանրամասնեց Սամվել Ֆարմանյանը:
Պատգամավորը հիշեցնում է` խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը իշխող ՀՀԿ-ինն է: Ասում է` քննարկումները շարունակվում են, յուրաքանչյուրն իր կարծիքն ունի. շատերը գտնում են, որ նպատակահարմար է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է, որ փողոցում պայքարելու է Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Սա Սամվել Ֆարմանյանին չի մտահոգում այն իմաստով, եթե իրադարձությունները Սահմանադրական շրջանակներից դուրս չգան:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ