Երևան-Մոսկվա ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Վորոնեժում, որի հետևանքով կա 2 զոհ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ՆԳՆ հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 20-ին՝ առավոտյան ժամը 88:40-ին: Mercedes ուղևորատար ավտոբուսի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է կառավարումը և բախվել բեռնատարին: Ավտոբուսում եղել է 50 մարդ: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, որոնք փորձում են պարզել տուժածների և զոհերի ինքնությունը:
Ականատեսները պատմել են, որ ուղևորատար ավտոբուսը շարժվելիս է եղել Ռոստովից Մոսկվա: Շրջադարձի վրա մեքենա է կանգնած եղել՝ անջատած թարթիչով: Ավտոբուսի վարորդը մեքենան նկատել է վերջին պահին, փորձել է շրջանցել, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին: Զոհերից մեկը բեռնատարի վարորդն է, մյուսը՝ ուղևորատարի երկրորդ վարորդը:
«Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ: Մենք հնարավոր ամեն բան անում ենք: Առայժմ վաղ է կանխատեսումներ անել: Կան տուժածներ միջին աստիճանի ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր»,- գործակալությանն ասել է Պավլովսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Կորոլյուկը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը. «Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում մարտի 20-ին՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար։
308 AF 68 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է բեռնատարին։
Ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, որը սպասարկում է Երևան-Տվեր ուղղությունը:
Ավտոբուսում եղել է 48 ուղևոր և 2 վարորդ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները պարբերաբար կապի մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և ՌԴ տրանսպորտի նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ։
Նրանց հաղորդմամբ՝ վիրավորներին ստացել են առաջին բուժօգնություն։
Վթարի հետևանքով կա 2 զոհ, որից մեկը բեռնատարի վարորդն է։
Չտուժած ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ