ԱԺ-ում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածության հարցն է շարունակվում քննարկվել:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանի՝ tert.am-ին տված հարցազրույցի եւ ստահոդ պետություն ստեղծելու նրա մտադրության մասին:
Նա նաեւ նշել էր 10 հազար դրամին գերի ստահոդ ժողովրդի մասին: Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ յուրաքանչյուր ուժի քաղաքական արժեքը ընտրությունների ժամանակ է երեւում. «Եթե ոմանք այստեղ բողոքում են, որ իրենց չեն ընտրել, երկու օր առաջ էլ տենց մի գործիչ ՌԴ-ում էր մեղադրում, որ իրեն չեն ընտրել եւ ստացել էր 5 տոկոս ձայն ընդամենը: Այնպես որ, մի մեղադրեք, որ ձեզ չեն ընտրել: Եթե ասում եք, որ 10 հազար դրամն են ընտրել, չնայած ես համամիտ չեմ, ապա դա նշանակում է, որ ձեր քաղաքական արժեքը, քաղաքական կապիտալը 10 հազար դրամից ցածր է: Այստեղ դուք մտածելու բան ունեք, ոչ թե ժողովուրդը»:
Անդրադառնալով նախագահի հարցազրույցին՝ Շարմազանովն ասաց. «Նախագահը պարզ նշեց, որ անձնական հավակնությունները ավելի ցածր են, քան պետության շահը եւ միայն պետական գործիչները տարբեր ժամանակաշրջաններում կարող են իրենց անձնական հավակնությունները ավելի ցածր դասել, քան պետական շահը: Սա է տարբերությունը քաղաքական անցողիկ գործիչների պետական գործիչներից: Համոզված եղեք, չնայած շատերս մոռացվելու ենք պատմության մեջ, բայց բոլորիս պատմությունն իր գնահատականն ունենալու է»:
Փաշինյանն ասել էր, որ Հրայր Թովմասյանին Սերժ Սարգսյանը գործուղում է ՍԴ՝ որպես պահապան շուն:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ չի ուզում ստահոդ հայտարարություններին անդրադառնալ, բայց քանի որ կենդանական աշխարհից օրինակներ բերվեց, մի ժողովրդական ասացվածք կասի՝ «Հաչող շունը չի կծում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ