Տարեցտարի ֆրանկոֆոն աշխարհում Հայաստանի ամրապնդվող դիրքերի արձագանքը հասնում է նաև փոքր քաղաքներ` դառնալով հայ-ֆրանսիական ինքնատիպ տոն:
Արդեն 9-րդ տարին է` ֆրանկոֆոնյան օրերին իր մասնակցությունն է ունենում Սևան համայնքը, որը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության 14-ամյա կենսագրություն ունի:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ավանդույթը չի խախտվում, և Սևանը ճանաչողական, մշակութային միջոցառումներով, նախաձեռնություններով ֆրանկոֆոնյան մեկամսյակը կդարձնի հիշարժան և հետաքրքիր:
Կնախապատրաստվի, կնկարահանվի և կներկայացվի «Միասին խոսենք հայերեն» ուսուցողական տեսաշարի 3-րդ մասը, որի նախորդ 2 մասերն արդեն իսկ հասցրել են արժանանալ ուշադրության:
Ֆրանկոֆոն արժեքները չեն շրջանցում նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունները. Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում կանցկացվեն ԱՏԵԼԻԵ թեմատիկ քննարկումներ, որոնք ներառում են շրջակա միջավայր, զբոսաշրջություն, մշակույթ թեմաները:
Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում` որպես 3-րդ օտար լեզու, ուսուցանվում է ֆրանսերենը, և դպրոցի աշակերտներն ամեն տարի հանդես են գալիս նոր գաղափարներով: Բացառություն չէ նաև այս տարին: Միամսյակի շրջանակներում նախատեսված է անցկացնել «Իմացիր ֆրանկոֆոնիայի պատմությունը» բաց դաս, «Հայաստանի և Ֆրանսիայի քույր քաղաքների պատմամշակութային հուշարձանները» դասղեկի ժամ, «Ֆրանսիայի և Հայաստանի տեսարժան վայրերը» պատի թերթի և «Ես լավ գիտեմ ֆրանսերենը» մրցույթներ, «Մենք հայ-ֆրանսիական բարեկամության շարունակողն ենք» ցերեկույթ:
Սևանի պետական քոլեջում ևս ուսուցանվում է ֆրանսերեն լեզուն, որը քոլեջում գործող այլընտրանքային էներգիայի ստացման լաբորատորիայում գործունեություն իրականացնելու բաղադրիչներից մեկն է: Քոլեջի ուսանողները ամռան ընթացքում իրենց ֆրանսիացի հասակակիցների հետ մասնակցում են ամառային աշխատանքների, որը ֆիլմի տեսքով կցուցադրվի այս օրերին:
Տարիներ շարունակ Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաներն իրենց ակտիվ մասնակցությամբ մեկ անգամ ևս փաստում են այն իրողությունը, որ երաժշտությունը չի ճանաչում սահմաններ: Որպես դրա վկայություն` նրանք ֆրանկոֆոն օրերը հիշարժան կդարձնեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ:
«Բոհեմ» արվեստանոց թեյարանը մեկամսյակի շրջանակներում կհրավիրի ֆիլմի դիտման, ֆրանսիական խոհանոցի գաղտնիքներին ծանոթանալու և ֆրանսիական երգերի երեկոյի:
Սևանում Ֆրանկոֆոնյան գարունը համախմբել է ֆրանկոֆոն արժեքներ կրող և դրանք զարգացնող մի շարք կազմակերպությունների և հաստատությունների: Սևանի համայնքապետարանը, համագործակցելով Սևանի միջազգային Ֆրանկոֆոն ակումբի, Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալի, Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ կազմակերպության, Սևանի երիտասարդական ակումբի հետ, սևանցի մեծ ու փոքրին կպարգևի ֆրանսերեն լեզվի և մշակույթի հետ հաղորդակցվելու լավագույն առիթներ, բովանդակալից միջոցառումներ:
Ի դեպ, ֆրանսերեն լեզվի ուսուցման ամառային դպրոցի պարապմունքների կազմակերպումը` Սևանի համայնքապետարանի և Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալի համագործակցությամբ, լեզվի նկատմամբ առաջացրել է մեծ հետաքրքրություն աշակերտների և երիտասարդների շրջանում, ովքեր էլ դարձել են միջոցառումների կազմակերպման և անցկացման շարժիչ ուժը:
Հավելենք, որ մարտի 20-ը ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է, իսկ այս տարվա աշնանը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ