Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածության հարցն է խորհրդարանում քննարկվում:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը խոսեց այն մասին, որ Թովմասյանը բախտավոր մարդ է, նրան երրորդ շանսն է տրվում՝ իրեն դրսեւորելու պատասխանատու պաշտոնում: Բայց նա ասաց, որ չի ուզում ծավալվել, թե ՍԴ նախագահի պաշտոնը ինչ կարեւոր է, առողջությունը կխնայի:
Փոխարենը՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն իր առողջությունը կքայքայի. «Այն ժամանակներում, երբ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն չէր եւ աշխատում էր Բաղրամյան 26-ում, հայտարարում էր, թե ՀՀ-ում ստեղծում է կազմակերպված պետություն: Իրականում դա կազմակերպված -արյունարբու պետություն էր»:
Փաշինյանն անդրադարձավ «կազմակերպված-արյունարբու պետության» համահիմնադիր եւ ի կատար ածող ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի՝ tert.am-ին տված հարցազրույցին:
Ըստ նրա, այդ հարցազրույցով ավարտվում է կազմակերպված-արյունարբու պետության դարաշրջանը եւ Սերժ Սարգսյանը դրանով հայտարարում է այլ հայեցակարգով պետության մասին՝ ստահոդ պետության:
Իսկ թե ինչ կապ ունի այդ ստահոդ պետության հետ Հրայր Թովմասյանը, Փաշինյանն այսպես բացատրեց. «Կապը Թովմասյանի հետ անմիջական է: Օրինակ, հայտարարվում է երկար ժամանակ, թե ՀՀ-ն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի, բայց նաեւ եւ հիմնականում Հրայր Թովմասյանի ձեռամբ գրած ԱԺ կանոնակարգ օրենքով խորհրդարանական քննարկումները վերածվում են այսպես ասած շուտասելուկի, երբ հարցերը քննարկվում են մեկ ժամանոց ռեժիմով՝ մեկ-երկու րոպեանոց ելույթներով: Պատգամավորները որեւէ իրական շանս չեն ստանում՝ կարդալու իրենց կողմից քննարկվող օրենքը: Հրայր Թովմասյանի՝ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերջին ակորդը Սահմանադրական դատարանի մասին օրենքն էր»:
Ըստ Փաշինյանի, Հրայր Թովմասյանին Սերժ Սարգսյանը գործուղել է Սահմանադրական դատարան, որ լինի watch dog` «պահապան շուն»՝ բառի քաղաքական իմաստով:
Նա քննադատեց, որ մեր պետությունը առավոտից իրիկուն զինվորի կենացն է խմում, բայց այդ զինվորի «մայկա-տռուսիկը» ծնողներն են ուղարկում, եթե մի օր չուղարկեն՝ զինվորը կմնա առանց ներքնաշորի եւ սա է ստահոդ պետության պատկերը: Ըստ նրա, հեռու չի այն օրը, որ ծնողների վրա կդնեն Իսկանդերի վառելանյութի, տանկերի շղթաների, Կաշաշնիկովի ավտոմատների հարցերը:
Ելույթի վերջում Փաշինյանը դիմեց քաղաքացիներին՝ ասելով, որ մեզնից յուրաքանչյուրն ընտրության առաջ է, ունի ընտրություն՝ լինել Սերժ Սարգսյանի ստահոդ պետությա՞ն, թե՞ Հայաստանն հայրենիքի հպարտ քաղաքացի. «Նրանք արդեն ընտրել են ստահոդ նախագահ, վաղը դնելու են ստահոդ վարչապետ եւ սրանով նրանք չեն բավարարվելու, այստեղ է ողբերգությունը: Ստահոդ պետության հայեցակարգը չեն կատարի, քանի չկարողանան ՀՀ-ում հաստատել ստահոդ ընդդիմություն: Մենք այսօր բոլորս գտնվում ենք այս ճնշման ներքո: Նրանք ամեն ինչ անում են, որ ունենան 10 հազար դրամի գերի ստահոդ ժողովուրդ»: Նա հիշեց ապրիլի 2 –ի ընտրությունները՝ նշելով, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմը ճնշումներով, 10 հազար դրամով ստահոդ ընտրություն կատարեցին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ