«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատավճռի հրապարակումից հետո այսօր լարված իրավիճակ ստեղծվեց նիստերի դահլիճում: Ազատազրկման դատապարտվածների հարազատներից ոմանք վատացան, շտապօգնություն կանչվեց դատարան: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նիստերի դահլիճից դուրս եկավ հայհոյանքների տարափի ներքո:
Դատավճռի ընթերցման ժամանակ Ներսես Պողոսյանը հունից դուրս եկավ եւ հայհոյանքներ հնչեցրեց դատավորի հասցեին, ինչից հետո ոստիկանները նրան ուժով հեռացրին:
Դատարանի շենքի դիմաց Սեֆիլյանի համախոհները հարձակվեցին այս գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի վրա, որը մոտենում էր իր ավտոմեքենային: Ոստիկանները կանխեցին քաղաքացիների մտադրությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ