Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է, քաղցկեղի պատճառով երկու կուրծքը հեռացված կինը համարվում է առողջ. «Հայկական ժամանակ»

Մարտ 20,2018 11:34

Ի՞նչ շանսեր ունի քաղցկեղով հիվանդ մարդը բուժվելու Հայաստանում։ Ի՞նչ աջակցություն է նա ստանում պետությունից։

Դիտարկենք, թե ինչ ճանապարհ է անցնում կրծքի քաղցկեղով հիվանդ կինը։ «Քաղցկեղ» ախտորոշմամբ հիվանդի՝ պետության կողմից երաշխավորված արտոնյալ բուժօգնություն ստանալու փորձերն ի սկզբանե դատապարտված են։ Ահա ինչու. բուժհաստատությունում հիվանդ մարդուն ասում են. «Ցանկանում եք պետպատվերո՞վ բուժվել, ոչ մի խնդիր, սպասեք, մինչեւ Ձեր հերթը կհասնի»։ Հերթը կարող է հասնել ամիսներ կամ մեկ տարի անց։ Որոշ դեպքերում՝ արդեն հետմահու։

Այս հիվանդության դեպքում բուժումն անհրաժեշտ է սկսել օր առաջ։ Հասկանալի է, հիվանդը նախընտրում է, ինչ գնով էլ լինի, բուժվել վճարովի ու անմիջապես։ Այս դեպքում նրան խնդրում են ստորագրել թուղթ, թե նա իր կամքով հրաժարվում է պետպատվերով բուժօգնությունից։

Կրծքի քաղցկեղով կինը ուղեւորվում է, դիցուք, Վ. Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոն՝ իր հաշվին բուժվելու (նույն հաջողությամբ՝ «Մուրացան» առողջարանային համալիր, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» կամ «Էրեբունի» բժշկական կենտրոն… Բոլոր բուժհաստատություններում նույն սկզբունքով են աշխատում)։ Ուռուցքաբանության կենտրոնում հիվանդից պահանջում են ներկայացնել «Պետության կողմից երաշխավորված անվճար արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգիր»։

Ինչու՞ է անհրաժեշտ այդ ուղեգիրը ներկայացնել ՊԱՐՏԱԴԻՐ, երբ հիվանդը պատրաստվում է իր միջոցներով բուժվել։

Կրծքի քաղցկեղով հիվանդ կինը վիրահատության համար պետք է մուծի կես միլիոն դրամ (մեկ կրծքի վիրահատությունն արժե 250 000, երկուսինը՝ 500 000)։

Վիրահատությունից հետո, քիմիաթերապիայի յուրաքանչյուր կուրսից առաջ էլ ( 7 անգամ), անվճար կամ արտոնյալ պայմաններում բուժման ուղեգիրը պետք է անպատճառ ներկայացնի։ Ընդ որում, հասկանալի է, հիվանդն իր գրպանից է վճարում անհրաժեշտ 70 000 դրամը, ինչպես նաեւ ինքն էլ բերում է իրեն անհրաժեշտ դեղորայքը։

Երկու կուրծքը հեռացրած հիվանդը վճարում է ԲՈԼՈՐ բժշկական ծառայությունների համար՝ անխտիր։

Դրանից հետո արդեն հերթը հաշմանդամության կարգ սահմանող Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանն է։ Պարզվում է, քաղցկեղի պատճառով երկու կուրծքը հեռացված կինը համարվում է առողջ, թեեւ դիսպանսեր հսկողության տակ է։ Հիմնավորումն էլ լույսի պես պարզ է՝ «Ոտքի-ձեոքի եք»։ Ամսական 15 000 դրամ հաշմանդամության նպաստը պետությունը այս հիվանդների համար շռայլություն է համարում։

Վիրահատված այս կանայք 6 ամիսը մեկ պարտադիր անալիզներ պետք է հանձնեն՝ 50 000-100 000 դրամի սահմաններում, մամոգրաֆիկ հետազոտություն անցնեն (20 000 դրամ)։ Հասկանալի է, որ շատ քիչ կանայք են հետեւողական այս հարցում, քանի որ քչերը կարող են իրենց թույլ տալ իրենց հետազոտությունների համար այդքան գումար վճարել։

Այս մի օրինակը հիվանդների՝ պետպատվերով բուժօգնության իրավունքի խախտման հազարավոր դեպքերից մեկն է։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031