Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մինչեւ 2035 թվականը պաշտոնավարելու եք, դիսկոմֆորտ, անարդարության զգացում չունե՞ք». Զեյնալյանը՝ Հրայր Թովմասյանին

Մարտ 20,2018 11:31

Այսօր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվեց ԱԺ-ում: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց, որ առաջարկվում է Սահմանադրությանը համապատասխանեցնել այն: Ըստ նախագծի, ՀՌԱՀ անդամները պետք է լինեն 7-ը, նրանք պետք է պատգամավորի համար պահանջվող չափանիշներին համապատասխանեն, սահմանվել է նաեւ Հանրային հեռուստառադիոխորհրդի կազմը: Խորհրդի կազմը վարչապետն է ընտրում, բայց՝ այն թեկնածուներից, որոնք ՀՌԱՀ-ի մրցույթում հաղթող կճանաչվեն՝ սահմանված կարգով:

ԱԺ-ում քննարկվեց նաեւ Հրայր Թովմասյանի թեկնածության հարցը՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

Հրայր Թովմասյանն ասաց, որ ե՛ւ պատիվն է բարձր՝ առաջադրվելու այդ պաշտոնում, ե՛ւ պատասխանատվությունը. «Ես վստահ եմ, որ ՍԴ մյուս անդամները նույնպես արժանի էին՝ այսօր այստեղ կանգնելու եւ ներկայացված լինելու՝ որպես ՍԴ նախագահ, բայց այսօր այդ պատիվն ինձ է տված»:

Թովմասյանը նաեւ նշեց, որ մի շարք գաղափարներ ունի, որոնք կփորձի կյանքի կոչել նոր պաշտոնում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ ՍԴ դիմելիությունը շատ ցածր է, քաղաքացիները քիչ են դիմում, դատարանները քիչ են դիմում պատգամավորները ընդհանրապես չեն կարողանում դիմել, ի՞նչ ուղերձ ունեք այս առումով, ինչպիսի՞ փոփոխություններ պետք է արվեն՝ ՍԴ հեղինակությունը բարձրացնելու համար: Թովմասյանը պատասխանեց, որ 2005-ի եւ 2015-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում այդ դիմելիության աստիճանը բարձրանալու միտում կա, բայց կա նաեւ միջազգային հետաքրքիր պրակտիկա: Ինչ վերաբերում է պատգամավորների դիմելուն՝ նա ասաց, որ հիմա չի ուզում այդ մասին կարծիք հայտնել:

Զեյնալյանը նաեւ հարցրեց՝ եթե դուք ընտրվեք ՍԴ նախագահ, մինչեւ 2035 թվականը պաշտոնավարելու եք, բայց 2015 -ի Սահմանադրությամբ նախատեսված էր, որ ՍԴ նախագահը պետք է պաշտոնավարի 6 տարի, արդյոք որոշակի դիսկոմֆորտ, անարդարության զգացողություն չունե՞ք՝ սրանով պայմանավորված՝ Թովմասյանը պատասխանեց. «Այսօր, երբ նայում ենք Սահմանադրությանը, վստահ եմ, որ որոշ հարցեր կարելի էր այլ կերպ կարգավորել, որոշ հարցերի պետք էր այլ կերպ անդրադառնալ: Կարող էինք այլ լուծումների մասին էլ մտածել, բայց չի արվել: Եթե նման դիսկոմֆորտի մասին ենք խոսում, ՍԴ-ում թեպետ այս փոփոխություններով ամրագրել ենք, որ պաշտոնավարումը 12 տարի է, բայց մենք ունենալու ենք դատավոր, որի պաշտոնավարումը 34- 35 տարի է: Մեզ համար կարեւոր չի՝ ով մի տարի ավել, մի տարի պակաս կպաշտոնավարի, որտեղ կպաշտոնավարի: Ես ինքս չգիտեմ՝ լինելու եմ այդ պաշտոնում հետո, ճակատագիրն ինձ որտեղ կտանի: Անկախ հարմարությունից, անկախ դիսկոմֆորտից՝ պետք է երբեք Սահմանադրությունը չխախտենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031