Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է նախագահի լիազորությունները. «Ժամանակ»

Մարտ 20,2018 11:02

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է նախագահի լիազորությունները:

Ներկայումս գործող օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետ`արտաքին գործերի նախարարություն), գերատեսչությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները։ Հիմա տեսեք, թե ինչպես է փոխվել այս հոդվածը՝ Միջազգային պայմանագիրն առանց լիազորագրի ստորագրելու իրավասություն ունեն Հանրապետության նախագահը՝ կառավարության առաջարկությամբ, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ, միջազգային կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով ստեղծված մարմիններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք։

Այս փոփոխությունից երևում է, որ Հանրապետության նախագահը՝ առանց կառավարության, այսինքն՝ վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել: Հնարավոր է՝ կառավարությունը նրան ընդհանրապես ոչ մի նման առաջարկություն էլ չներկայացնի, և նախագահն իր ողջ գործունեության ընթացքում ոչ մի միջազգային պայմանագիր էլ չստորագրի: Ինչ իմաստ ունի առաջարկել նախագահին, եթե ինքդ կարող ես ստորագրել:

Վիճակն ավելի լավ չէ նաև միջազգային պայմանագրերի վավերացման և հաստատման պարագայում: Գործող օրենքով խորհրդարանը վավերացնում է միջազգային պայմանագրերը, իսկ նախագահն իր ստորագրությամբ հաստատում է դրանք: Նոր տարբերակով խորհրդարանի կողմից վավերացված օրենքները նախագահի հաստատման կարիքն անգամ չունեն: Իսկ նախագահը հաստատում է այն միջազգային պայմանագրերը, որոնց վավերացման կարիքը չկա: Օրենքի նախագծում շատ մանրամասն գրված է, թե որ տիպի միջազգային պայմանագրերն է, որ խորհրդարանը պետք է վավերացնի: Եվ այսպես, Ազգային ժողովը, կառավարության առաջարկությամբ, վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը, որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ, որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր, որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում, որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031