Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ավարտվեցին գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ավելի քան համոզիչ հաղթանակով։
Ռուսաստանի քաղաքացիների մասնակցության մոտ 67 տոկոսի պարագայում նրա օգտին քվեարկեց ընտրատեղամաս ներկայացածների 76 տոկոսից ավելին՝ որեւէ կասկած չթողնելով կատարված ընտրության լեգիտիմության հարցում։ Անկախ նրանից, թե նման բարձր տոկոսների թիկունքին որքան է վարչական ռեսուրսը, միեւնույն է, ընտրված թեկնածուի որակյալ մեծամասնություն ստանալու փաստը վկայում է, որ Ռուսաստանի քաղաքացիները իրենց ձայնը տվել են Վ.Պուտինին։
Տեղի ունեցածը որքան սպասելի, նույնքան էլ օրինաչափ էր, որովհետեւ վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանի պատմության բոլոր նշանակալի իրադարձությունները կապված են Վ.Պուտինի անձի հետ, ընդ որում՝ շարքային ընտրողը պարզապես չի էլ պատկերացնում, թե ով կարող է լինել նրա այլընտրանքը։
Այսօր Ռուսաստանը թեւակոխում է իր պատմության բեկումնային հանգրվաններից մեկը, երբ երկրի ղեկին հարկավոր է ունենալ ուժեղ անհատականություն։ Ուրեմն իրականում կարեւորը ոչ թե Վ. Պուտինի մարտի 18-ի փաստորեն կանխորոշված ընտրությունն է, այլ այդ ընտրությունից հետո սպասվող ներքին ու արտաքին զարգացումները։
Արտաքին առումով Ռուսաստանը լուրջ դիմակայության մեջ է հայտնվել Արեւմուտքի հետ, իսկ Վ.Պուտինի ընտրությունն արտաքուստ դիտվում է որպես հիշյալ դիմակայությունը շարունակելու քաղաքական սանկցիա ռուսաստանցի ընտրողի կողմից։ Սակայն միամտություն կլինի կարծել, թե ռուս ժողովուրդը կամ Ռուսաստանի քաղաքական վերնախավը փորձում է ամեն գնով շարունակել այդ դիմակայությունը։
Ողջ խնդիրը դրա համար վճարվելիք գինն է, որովհետեւ եթե ներկա դիմակայությանը նայում ենք ռուսաստանյան ակնոցներով, ապա, ըստ էության, Ղրիմի հարցից զատ ոչ մի կոնկրետ պահանջ չկա։ Ղրիմը այն պատնեշն է, որից Ռուսաստանը չի նահանջելու, միաժամանակ ակնհայտ է նաեւ, որ ավելի ու ավելի տեսական հարթության վրա դիտարկվող տարածաշրջանային թե՞ համաշխարհային տերություն դիխատոմիան կարող է իր լուծում գտնել Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում։
Ներկա դիմակայության մեջ ակտիվ կամ հարձակողական կողմը Արեւմուտքն է, իսկ Ռուսաստանի հակազդեցությունը հակահարձակման փորձերից այն կողմ չի անցնում։ Արեւմուտքն այս առումով ամենեւին էլ միատարր չէ, քանի որ մայրցամաքային Եվրոպայի արեւմտյան ու կենտրոնական հատվածի երկրներում ուժեղանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտումը, որի հիմքում ընկած են նրանց քաղաքացիների կոնկրետ շահերը։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում