Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում էին, որ ավագանին հատուկ նշանակության հրավառությունների համար կոնկրետ վայր, թույլատրվող պահանջներ սահմանի եւ մինչեւ 1 մլն դրամ տուգանի նաեւ խախտողներին: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց, թե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ինչ առաջարկություններ են ստացել եւ ինչպես են լրամշակել նախագիծը:
Ընդդիմադիր խմբակցությունների մի շարք առաջարկներ հաշվի են առնվել: Նախ, տուրքը սահմանվել է օրացույցային տարվա համար: «Ելքը» առաջարկել էր, որ թույլտվությունից հետո պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվի ֆիզիկական անձանց, առաջարկն ընդունվել է եւ այսուհետեւ հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութերը կվաճառվեն բացառապես այն իրավաբանական անձանց, որոնք ունեն համայնքի ղեկավարի կողմից հատուկ թույլտվություն:
Երկրորդ առաջարկն այն էր, որ տուգանքի նշանակումն անի դատարանը, այս առաջարկը չի ընդունվել, քանի որ տուգանքի նշանակման իրավունքը վերապահված է համայնքի ղեկավարին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ