Մինչ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ քաղաքապետարանում կռիվ են տալիս՝ միմյանց ճիշտն ու սխալը հանրությանը ներկայացնելով, արտախորհրդարանական ընդդիմադիրները մտադիր են իշխանափոխության հասնել հրապարակում, սակայն թե մեկը, թե մյուսը հանրային վստահություն չեն վայելում: «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ զրուցեցինք հանրահավաքային նպատակների մասին:
-Ընդդիմության մի հատվածը պնդում է, թե չեն կրկնելու պարտության տանող ճանապարհը, դրա համար էլ հրապարակ չեն գալիս և չեն ցանկանում հիասթափեցնել հասարակությանը: Դուք հաղթական ավարտ խոստանու՞մ եք, որ հասարակությունը նորից հիասթափություն չապրի:
-Եթե ժողովուրդն այսօր մեծ ոգևորության մեջ լիներ, ստեղծագործական աշխատանքով զբաղվեր, ու մենք մեր քայլերով նրան հիասթափության մեջ գցեինք, նրանց ասածը հասկանալի կլիներ: Դուրս եկեք փողոց ու առաջին պատահած քաղաքացուն հարցրեք, թե ինչ վիճակում է: Մարդիկ ոգևորված չեն այսօրվա վիճակով, ապրելակերպով, որ հիասթափվեն կամ չհիասթափվեն: Հակառակը, մեր պայքարն այն բանի համար է, որ քաղաքացուն հիասթափությունից բերենք ակտիվ վիճակի և ասենք՝ էս երկիրը քո երկիրն է, դու ես տերը քո երկրի:
-Հարթակում կանգնածներն այդ վստահությունը ներշնչու՞մ են հանրությանը:
-Հարթակում կանգնած մարդկանց հասարակությունը դրական է վերաբերվում, բայց ամենաէականը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է: Այս պարագայում բոլոր գործիչները որոշակի շրջանակի մեջ են հայտնվում: Հետագայում նրանք չեն կարող այնպիսի քայլեր անել, որոնց համար կպատժվեն: Երբ բարեփոխումների մասին ենք խոսում, դա ենթադրում է նաև քաղաքական պատասխանատվություն: Հայաստանում տարիներ շարունակ չի եղել քաղաքական պատասխանատվություն: Կուսակցությունները չեն ունեցել այդ պատասխանատվությունը, իշխանության են եկել կեղծիքներով, այսինքն` քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի աշխատել: Շատ կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարություն չկա, իսկ առաջնորդները դրա համար պատասխանատվություն չեն կրում: Պատասխանատվության ինստիտուտը հարթակում կանգնածներին ստիպում է, որ իրենք կատարեն այն քայլերը, որոնք նպաստավոր են պետության ու ժողովրդի համար: Խոշոր հաշվով, հարթակում վստահություն ներշնչում են, բայց ժողովուրդը պետք է տեսնի, որ արդյունքի հասնելու հավանականություն կա:
-Ո՞ր ուժերի հետ եք քննարկումներ անցկացնում, ովքե՞ր են պատրաստ ձեզ միանալու:
-Այս պահին միայն Լևոն Զուրաբյանի հետ ենք քննարկումներ անցկացնում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում